Առաջինը Ծառուկյանն է հարվածել աշխարհի չեմպիոնի հորը, հետո` նրա օգնականը. տեսանյութ

Քննչական կոմիտեն ու ոստիկանությունը Գագիկ Ծառուկյանի օգնականի ձերբակալության գործով նոր մանրամասներ են հրապարակել։
Sputnik

Քննչական կոմիտեն ու ոստիկանությունը Գագիկ Ծառուկյանի օգնականի ձերբակալության գործով նոր մանրամասներ են հրապարակել։

Ոստիկանության հաղորդագրության համաձայն` տուժողը պատմել է, որ առաջինն իրեն հարվածել է Գագիկ Ծառուկյանը։ Նրանից հետո ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Գագիկ Ծառուկյանի անվտանգության ղեկավար՝ 46-ամյա Էդուարդ Բաբայանն ու ևս մեկ անձ, որի ինքնությունը պարզվում է։

Միջադեպին ներկա են եղել Արտակարգ իրավիճակների նախարարը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը։

Տուժողի խոսքով՝ իր որդին, որը Ռուսաստանի քաղաքացի է, բռնցքամարտիկ է, աշխարհի չեմպիոն։ Հաղթանակների դիմաց Գագիկ Ծառուկյանը պարգևներ է խոստացել, սակայն որդին Հայաստանի քաղաքացիություն ստանալուց հետո հետախուզվում է՝ ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով։

Ոստիկանությունը նաև հայտնում է, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի վարչական շենքի դահլիճում հայտնաբերվել են արնանման հետքեր ու ներկայացվել փորձաքննության։

Քննչական կոմիտեն հայտնում է, որ դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ`ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, այն է` դիտավորությամբ կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածք պատճառելը, որ կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից։

Քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կասկածյալի բնակարանում խուզարկություն կատարելու վերաբերյալ։