Երբ են երևանցիներին ջուր տալու. «Վեոլիա ջուրը»` պոմպակայանում տեղի ունեցած վթարի մասին

Դրսում 40 աստիճան է, իսկ Երևանի բնակիչներից շատերը այս շոգին զրկված են տարրական լոգանք ընդունելու կամ նույնիսկ մեկ բաժակ սառը ջուր խմելու հնարավորությունից։ Sputnik Արմենիան փորձել է պարզել` ինչն է ջրամատակարարման խափանումների պատճառը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. Երևանի որոշ շրջանների բնակիչներ արդեն երեք օր է զրկված են ամենակարևորից` ջրից։ «Վեոլիա ջուր» ընկերությունը «բերանը ջուր առած» երկար ժամանակ խուսափում էր մեկնաբանել ստեղծված իրավիճակը։

Մինչդեռ երևանցիները զայրացած սպասում են ջրամատակարարման վերականգնմանը, «Վեոլիա ջուրը» հաղորդագրություն տարածեց, որի համաձայն մայրաքաղաքի ևս 5 շրջան 7 ժամ ջուր չեն ունենա։

Բոլորին չի հերիքում․ թե երբ Երևանի հարավում կվերսկսվի նորմալ ջրամատակարարումը

«Վեոլիա ջուր» ընկերությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ Արարատյան պոմպակայանում, որի միջոցով էլ իրականացվում է Երևանի ջրամատակարարումը, վթար է տեղի ունեցել։ «Ներկա պահին աշխատանքներ են տարվում ջրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ։ Մենք փորձել ենք բաշխել ջուրը մայրաքաղաքի շրջաններով։ Քաղաքի հարավային հատվածը այժմ տուժում է, սակայն երեկոյան ջրամատակարարումը կվերականգնվի», – ասաց «Վեոլիա ջուր» ընկերության մամուլի քարտուղար Մուրադ Մուրադյանը։

Նրա խոսքով` ջրամատակարարման ամբողջական վերականգնման հստակ ժամկետներ նշել հնարավոր չէ, սակայն ընկերությունն անում է հնարավորը, որպեսզի հնարավորինս շուտ վերականգնվի ջրամատակարարումը։

Հիշեցնենք, թե որ շրջանների ջրամատակարարումն է դադարեցվել հուլիսի 2-ին ժամը 10:00-17:00–ը։

Ավան, Էրեբունի վարչական շրջանների որոշ թաղամասեր, Նոր Նորք վարչական շրջանի 9-րդ զանգված, Շենգավիթ համայնքի որոշ թաղամասեր։ Ջուր չեն ունենա նաև Կենտրոն վարչական շրջանի բնակիչները։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ընկերությունը ներողություն է խնդրում պատճառված անհարմարությունների և շնորհակալություն հայտնում փոխըմբռնման համար։