200 մլն դոլար` Հայաստանում քամուց էներգիա ստանալու համար. բիզնեսը պատրաստ է ներդրումների

Արաբա–ամերիկյան ընկերությունը պատրաստ է գումարներ ներդնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. Access Energy ընկերությունը  պատրաստ է 200 միլիոն դոլարի ներդրում անել Հայաստանում։ Այս մասին այսօր ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանի հետ հանդիպմանն ասել է ընկերության գործադիր տնօրեն Վահիդ Ֆոթուհին:

Հայաստանը չի հրաժարվի ատոմային էներգիայից. ինչպիսի՞ կայան է պետք երկրին

Ըստ նախարարության լրատվական ծառայության` կողմերն անդրադարձել են Access Infra Central Asia Limited ընկերության կողմից Գեղարքունիքի մարզում 130 ՄՎտ հզորությամբ հողմային էլեկտրակայանի կառուցման ծրագրին։

Վահիդ Ֆոթուհին իր գոհունակությունն է հայտնել քամու ռեսուրսի չափումների արդյունքից և նշել, որ Հայաստանում հողմային կայաններ կառուցելու նպատակով ընկերությունը  պատրաստ է 200 միլիոն դոլարի ներդրում կատարել՝ ծրագիրը տարածելով  մյուս մարզերում ևս:

Նախարար Գրիգորյանը կարևորել է հողմային կայանների  կառուցումը և նշել, որ պատրաստակամ է քննարկել  ներդրումային այն առաջարկներն ու նախագծերը, որոնք  նոր թափ կհաղորդեն ծրագրի իրականացմանը:

2003 թ.-ից ԱՄՆ վերականգնվող էներգետիկայի ազգային լաբորատորիան (NREL) կազմել էր Հայաստանի հողմա-էներգետիկ ներուժի քարտեզը, որի համաձայն, հանրապետության տնտեսապես հիմնավորված հողմաէներգետիկ ներուժը գնահատվում է 450 ՄՎտ, տարեկան 1,26 մլրդ ԿՎտ/ժամ էլեկտրաէներգիայի արտադրությամբ: Հեռանկարային հիմնական վայրերն են Սոթքի լեռնանցքը, Բազումի լեռները, Պուշկինի և Քարախաչի լեռնանցքները, Ջաջուռի լեռնանցքը, Գեղամա լեռնազանգվածը, Ապարանի, Սիսիանի, Գորիսի, Մեղրու լեռները։

Access Energy ընկերություն հիմնադրվել է 2003 թ–ին ԱՄԷ–ում` որպես ամերիկյան Access Group International ընկերության դուստր ձեռնարկություն։

Ընկերությունը զբաղվում է վերականգնվող էներգետիկայի ոլորտում իրականացվող ծրագրերի ֆինանսավորմամբ։