Լեգենդար բանդիտը կրկին փախել է ֆրանսիական բանտից, այս անգամ` ուղղաթիռով. տեսանյութ

Նա ոչ թե հանցագործ է, այլ ֆիլմի հերոս։ Թեև ավելի ճիշտ կլինի ասել` նա իսկական հանցագործ է, որի կենսագրությունը շատ նման է ֆիլմի հերոսի կյանքին։
Sputnik

Ֆրանսիայի բանտում գտնվող հանցագործը փախել է ուղղաթիռով։ Նա «շարքային» հանցագործ չէ, որովհետև հանցագործությունների «պատկառելի» ցանկ ունի ուսերին։ Ռեդուն Ֆաիդը բանտում էր հայտնվել` այնտեղ 25 տարի անցկացնելու դատավճռով, քանի որ նրան մեղադրում էին ավազակային հարձակման ու կին ոստիկանին սպանելու համար։

Փախուստը մանրամասն մշակվել է նախապես. 46 տարեկան Ֆաիդին տեսակցելու են եկել մարդիկ, միաժամանակ երեք զինված անձինք մոտեցել են բանտի մուտքին ու նրա հետ հանդիպում են պահանջել։

Մինչ բանտի աշխատողները փորձել են հասկանալ` ինչն ինչոց է, Ֆաիդի հյուրերը նրան դուրս են բերել տեսակցությունների սենյակից, նստեցրել բանտի բակում վայրէջք կատարած ուղղաթիռ և հեռացել։ Այդ ամենը մի քանի րոպե է տևել։

Ոստիկանները սկսել են որոնել նրան, բայց գտել են այրված ուղղաթիռը, որում օդաչու չի եղել։ Պարզվել է, որ օդաչուին պատանդ են վերցրել։

Սա Ֆաիդի առաջին փախուստը չէ։ Նա կարողացել է բանտից փախչել նաև 2013 թվականին։