Հինգ բան, որ պետք է անել Հայաստանում. ռուս զբոսաշրջիկի խորհուրդները

Հայաստանով շրջագայելուց հետո ռուսաստանցի Ելենա Ժուպիրինան հասկացել է, որ այս երկրում զբոսաշրջիկների համար խնդիրներ չկան, նույնիսկ լեզվային։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik, Անի Լիպարիտյան. Ուղևորություն դեպի Սևան, տեղական ձկան համտես, զբոսանք Կասկադով, լուսանկար Արարատի ֆոնին, ինչպես նաև հեռու շրջանների եկեղեցիների այցելություն. սա այնն է, ինչ պետք է անի Հայաստան այցելած յուրաքանչյուր զբոսաշրջիկ։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ռուս զբոսաշրջիկ Ելենա Ժուպիրինան։

Բացի այդ, յուրաքանչյուր ճանապարհորդ պարտադիր պետք է փորձի «Ջերմուկ» հանքային ջուրը, կարծում է Կրասնոդարից ժամանած հյուրը։

 

«Հիմա նույնիսկ չգիտեմ, թե ինչպես եմ ապրելու առանց ձեր ջրի», – նշեց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Ելենան վաղուց էր ցանկանում Հայաստան գալ, նա մայիսին էր ծրագրում ուղևորությունը, սակայն «թավշյա հեղափոխության» պատճառով աղջիկը որոշեց Հայաստան գալ հունիսին։

Ուղևորության ժամանակ ռուսաստանցին բարդությունների չի բախվել։ Ելենային դուր է եկել, որ Հայաստանում ամենուր ռուսերեն են խոսում, հասկանում և պատասխանում, նույնիսկ ամենահեռավոր գյուղերում։

Կրասնոդարում հայերը շատ են

Ռուսաստանցին նաև նշեց, որ Կրասնոդարի երկրամասում մեծ հայկական համայնք կա, սակայն տեղի հայերը տարբերվում են Կրասնոդարի հայերից։

«Կյանքի ռիթմն այլ է. այստեղ մարդիկ հանգիստ են, մեզ մոտ բոլորը շտապում են։ Իսկ Հայաստանում որևէ տեղ չեն շտապում, նույնիսկ, երբ ուտելիք են պատվիրում։ Վայելում ես պահը և չես մտահոգվում, թե մի բանից ուշացար», – ավելացրեց զբոսաշրջիկը։

 

Սրճարանում կարելի է նկատել, թե ինչպես հարևան սեղանի շուրջ նստած տեղացիները հանգիստ զրուցում են, ոչ մի տեղ չեն շտապում։

Ու թեև տեղի բնակիչները ռուսերենին վատ չեն տիրապետում, ռուսաստանցին կցանկանար մի քանի հայերեն բառ և արտահայտություն սովորել։

Հայկական կեռաս և դուդուկ

Ելենայի համար Հայաստանն ասոցացվում է դուդուկի ձայնի և տաքարյուն տղամարդկանց հետ։

Օտարերկրացու աչքերով․ ինչ չհասցրեց Հայաստանում անել ռուս զբոսաշրջիկը

Աղջիկը մի շարք տեսարժան վայրեր, քաղաքներ և գյուղեր է այցելել։

«Շատ տեղերում եղանք` Գառնի, Գեղարդ, Սևան (Սևանավանք), Ծաղկաձոր, Հաղարծին, Օհանավանք, տեսանք Ամբերդը, Արագածը, Զվարթնոցի տաճարը, Էջմիածինը, Խոր Վիրապը։ Թուրքիայի հետ սահմանը տեսանք», – պատմեց Ելենան։

Ճանապարհորդության ժամանակ ռուսաստանցին ընկերների հետ նաև հյուր եղավ մի անծանոթ կնոջ, ով զբոսաշրջիկներին կեռաս հյուրասիրեց ու տվեց, որ ճանապարհին էլ ուտեն։

Ելենային հաճելիորեն զարմացրել է հայերի սրտաբացությունն ու հյուրընկալությունը։ Եվ նույնիսկ օտարերկրացիներն այստեղ իրենց օտար չեն զգում։ Ռուսաստանցին կարծում է, որ նման հյուրընկալությունը հիանալի առիթ է Հայաստան վերադառնալու համար։