Արհամարհանք է համանախագահ երկրների նկատմամբ. Բալայանը` Ադրբեջանի գործողությունների մասին

Հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածի վերջին 2 օրերի ընթացքում տեղի ունեցող գործողություններն է մեկնաբանում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. Դա արհամարհանք է համանախագահ երկրների նկատմամբ։ Այսպես որակեց  Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանի Նախիջևանի հատվածում դիրքային ամրապնդման գործողությունները ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, իր ճեպազրույցի ընթացքում:

Բալայան. «Դրանք ամերիկյան արտադրության ուղղաթիռներ չեն»

«Նորություն չէ, որ Ադրբեջանը գործում է ելնելով անպատասխանատվության սկզբունքից` իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելով: Մենք պարբերաբար  այս հարցը բարձրացնում ենք ինչպես համանախագահ երկրների, այնպես էլ մեր մյուս գործընկերների ու կազմակերպությունների առջև: Կարծում ենք՝ հենց այստեղ համանախագահները լուրջ անելիքներ ունեն, որովհետև չանսալ նրանց հորդորներին և անել լրիվ հակառակը, առաջին հերթին արհամարհանք է համանախագահ երկրների հանդեպ»,-ասաց Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին ադրբեջանական ԶՈւ-երը նախիջևանյան ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակ են բացել և թույլ չեն տվել հակառակորդին կատարել իր խնդիրը: Հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել է հակառակորդի դիրքերից մեկը: