ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. «Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնությունը կուսակցություն է դառնում՝ «Հայ կառուցողական կուսակցություն» անվանումով։ Այն կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Այսօր հուլիսի 2-ին, լրագրողներին ասաց կուսակցության առաջնորդ Անդրիաս Ղուկասյանը։
Կուսակցությունը համագումար է անցկացրել հունիսի 30-ին։
«Մենք ակնկալում ենք մինչև սեպտեմբեր ձևավորել տարածքային կառույցներ, խորհուրդներ, ինչպես որ օրենքը պահանջում է»,- ասաց նա:
Ղուկասյանը վստահեցրեց, որ մինչև արտահերթ ընտրությունների անցկացումը հնարավորություն կստեղծվի ունենալ այնպիսի ուժ, որը կկարողանա իր ռեսուրսներով լիարժեք մասնակցություն ունենալ խորհրդարանական ընտրություններին:
Նոր կուսակցությունը պատրաստվում է մասնակցել նաև հոկտեմբերի 22-ին մի շարք համայնքներում նախատեսված ՏԻՄ ընտրություններին։
Ղուկասյանի խոսքով` իրենց ծրագրերում կարևորելու են տարածքային համաչափ զարգացումը:
Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը 2016 թվականի հուլիսի 31-ին կալանավորվել էր Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով և անազատության մեջ էր գտնվում նույն թվականի նոյեմբերի 20-ից։
Նա մեղադրվում է 2016 թ. հուլիսի 29-ին Երևանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։ Նրան ներկայացված մեղադրանքում նշվում էր, որ Ղուկասյանը նաև փորձել է միանալ 2016թ. հուլիսի 17-ին Երևան քաղաքի ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը զավթած զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել և խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում մայիսի 7-ին տեղի ունեցավ Ղուկասյանի գործով դատական նիստը։ Դատարանը որոշեց նրան ազատ արձակել ու որպես խափանման միջոց ընտրել ստորագրություն բնակավայրից չհեռանալու մասին: