Նախարարի բարձրաձայն մտքերը. Թորոսյանը հարց է ուղղել քաղաքացիներին և սպասում է պատասխանի

Առողջապահության նախարարը մտորում է պոլիկլինիկաներում նոր հերթապահություն սահմանելու մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակած գրառումով ուզում է պարզել քաղաքացիների կարծիքը` ճի՞շտ կլինի արդյոք, որ հանգստյան օրերին պոլիկլինիկաներում բժիշկների հերթապահություն սահմանվի։

«Ի՞նչ կարծիքի եք, եթե քաղաքային պոլիկլինիկաներում ոչ աշխատանքային օրերին մեկական բժշկի և բուժքրոջ հերթապահություն սահմանվի»,- գրել է նա։

Թորոսյանն իր գրառմանը կցել է #ԲարձրաձայնՄտքեր հեշթեգը։

Ոմանք համարել են, որ դա շատ լավ միտք է, ճիշտ որոշում։

«Այո, քանի որ դա կթեթևացնի շտապօգնության աշխատանքը, նաև կթեթևացնի հիվանդանոցների բեռը: Նաև կոռուպցիոն ռիսկը կնվազի, հիվանդանոց ամեն դիմողին ստացիոնար չեն ձևակերպի: Համամիտ եմ Ձեզ հետ, ամեն ինչ սկսվում է առաջնային օղակից, ու պետք է շատ ուժեղացնենք այդ հատվածը»,- գրել է օգտատերերից մեկը:

Դա բոլորին է պետք. ՀՀ առողջապահության նախարարը` դեղատոմսերի մասին

Շատերն էլ վստահեցրել են, որ անիմաստ է, որովհետև այդ օրերին այսպես թե այնպես հերթապահություն կա հիվանդանոցներում։

«Բայց պոլիկլինիկայում հերթապահելու իմաստը ո՞րն է։ Եթե հանգստյան օրերին փակ կլինի քարտադարանը,լաբորատորիան,նեղ մասնագետների կաբինետները,ստիպված`բժիշկը պետք է հիվանդին ուղարկի ստացիոնարում հերթապահող բժշկի մոտ,իսկ երեսուն հազար դրամ ստացող բուժքույրը,կարծում եմ չի համաձայնվի հերթապահել շաբաթ-կիրակի օրերին, մարդկանց պետք են հանգստյան օրեր»,- գրել է մեկ այլ օգտատեր։

Ոմանք նշել են պոլիկլինիկաների թերությունները` դժգոհելով առաջնային օղակի աշխատանքից` երկար հերթեր, ավելորդ թղթաբանություն։