ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Ադրբեջանն արդեն մի քանի տարի շարունակ հունիսին մասշտաբային զորավարժություններ է անցկացնում։ Այդպես եղավ 2016 թվականին` ապրիլյան քառօրյայից երկու ամիս անց։ Այդպես եղավ նաև անցած տարի Նախիջևանի տարածքում, երբ ադրբեջանական ԶՈւ–ին միացան թուրք «եղբայրները»։
Ներկայիս զորավարժությունները ուղեկցվում են պաշտոնական Բաքվի հակահայկական հռետորաբանության նոր պոռթկումով։ Հունիսի 26-ին կազմակերպած զորահանդեսի ժամանակ Ադրբեջանի նախագահը գովում էր ԶՈւ–ն, նրա կարծիքով, բարձր, մարտական ոգու և պատրաստվածության համար, միաժամանակ Հայաստանին նոր պատերազմով սպառնալով։ Թեև Երևանում այդ սպառնալիքներին վաղուց են սովորել, ինչը, սակայն ոչ մի կերպ չի անդրադառնում բանակի հզորության ընդլայնման Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության ակտիվ ջանքերի վրա։
Ներկայիս զորավարժությունները, որոնք կանցկացվեն հուլիսի սկզբին, պլանային են, ինչը, սակայն, չի չեղարկում դրանց հակահայկական ուղղվածությունը, ագրեսիվությունն ու ռևանշիզմը, Sputnik Արմենիայի թղթակցին ասաց Razm.info ռազմական պորտալի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը։
Նա հղում արեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ավելի վաղ արված հայտարարությանն առ այն, որ զորավարժություններին հաշվի են առնվելու 2016 թվականի քառօրյայից քաղած դասերը։
«Խոսելով ադրբեջանական զորավարժությունների մասին, պետք է հաշվի առնել նաև դրանց վառ արտահայտված գովազդային տարրը։ Հայաստանում առկա քաղաքական փոփոխությունների ֆոնին Բաքվի ղեկավարությունը մկաններն է խաղացնում ` փորձելով վախեցնել հայ հասարակությանն ու իշխանությանը», – ասաց Հովհաննիսյանը։
Հայաստանում փոխվել է մթնոլորտը, հասարակության և իշխանության համախմբման նշաններ կան։ Բնական է` նման ներքին կայունությունը չի կարող ձեռնտու լինել Ադրբեջանին։ Եվ զենք ճոճելով, նոր պատերազմով սպառնալով` Ապշերոնի իշխանությունը ձգտում է խուճապ առաջացնել և թույլ չտալ այդ համախմբումը։
Բացի քաղաքական ենթատեքստից, պակաս հետաքրքրություն չի առաջացնում նաև այդ զորավարժությունների որակը. այն է, թե ինչ վիճակում է այսօր գտնվում ադրբեջանական ԶՈՒ–ն։ Ակնհայտ է, որ զինծառայողների և տեխնիկայի մեծ քանակի ներգրավումը բավարար չէ ադրբեջանական բանակի պատրաստվածության մակարդակը գնահատելու համար։ Հովհաննիսյանի խոսքով` ավտորիտար պետությունում, որտեղ այսպես թե այնպես ազդեցիկ ԶԼՄ–ները վերահսկվում են իշխանության կողմից, զինուժի վիճակի մասին օբյեկտիվ տեղեկություն գտնելը հեշտ չէ։
«Տեղեկություն կա կիրառվող սպառազինության և ռազմատեխնիկայի մասին` ավիացիոն, հրետանային, զրահատանկային և այլն։ Սակայն իրական մակարդակի մասին դժվար է դատել։ Սակայն կարելի է հաստատ ասել` այդ զորավարժությունների ժամանակ գրեթե միշտ փորձարկվում է լեռնային տեղանքում մարտական գործողությունների սցենարը։ Սակայն հետաքրքրություն է առաջացնում այն, որ «լեռնային» զորավարժություններն անցկացնվում են դաշտային տեղանքում», – ասում է Հովհաննիսյանը։
Փորձագետը նաև ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ, եթե, օրինակ, Նախիջևանում անցկացվող զորավարժությունները միայն «հակագրոհային» բնույթ են կրել, Ադրբեջանում նմանատիպ միջոցառումներում գերազանցապես հարձակողական սցենարներ են խաղարկվում։