Առողջապահության նախարարությունը մատչելի է դարձնում առողջապահությունը

Արդեն երկրորդ օրն է` Արսեն Թորոսյանը երեկոն ամփոփում է ուրախ լուրով. երեկ «տուբդիսպանսերի» աշխատավարձերի բարձրացումն էր, այսօր` ստենտավորման մատչելիությանը միտված հուշագիր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik.  Առողջապահության նախարարությունում եռակողմ փոխըմբռնման հուշագիր են կնքել` նախարարության, ստենտավորման պարագաների 10 մատակարարի և պետական պատվերի շրջանակներում ստենտավորման ծառայություններ մատուցող 11 բժշկական հաստատության միջև: Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարը իր ֆեյսբուքյան էջում։

«Հուշագրով նպատակ է դրվում ապահովել պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով մատուցվող ստենտավորման ծառայությունների առավել մատչելի գներով և առավել որակյալ ապրանքներով մատուցումը»,– գրել է Արսեն Թորոսյանը:

Նա կոչ է արել բժշկական կենտրոններին վերանայել ստենտավորման վճարովի ծառայությունների գները՝ հաշվի առնելով, որ մատակարարները պատրաստ են ավելի մատչելի գներով վաճառել ստենտները և հարակից բժշկական պարագաները։