Ընտանեկան բռնությունները Հայաստանում. ոստիկանությունը հաշվետվություն ներկայացրեց

Հայաստանում ընտանեկան բռնությունների վերաբերյալ վերջին վիճակագրությունը դեպքերի նվազման դինամիկա է ցույց տալիս։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Հայաստանում ընտանեկան բռնությունների դեպքերի քանակը 2018 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում կրճատվել է։ Այս մասին հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը։

«2018-ի 5 ամիսների ընթացքում քննվել է ընտանեկան բռնության 289 դեպք, որից 35-ով քրեական գործեր են հարուցվել։ Դրանցից 6-ն ուղարկվել են դատարան, 29-ը` կարճվել», — ասաց Դուրյանը։

Միևնույն ժամանակ ուսումնասիրման ընթացքում 254 դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է։ Այդ ժամանակահատվածում ամուսնու կողմից կնոջ նկատմամբ բռնության 174 դեպք է գրանցվել, կնոջ կողմից ամուսնու նկատմամբ` 9 դեպք, ծնողի կողմից զավակի նկատմամբ` 26 դեպք, երեխաների կողմից ծնողների նկատմամբ` 31 դեպք:

Անչափահասների նկատմամբ բռնության ընդամենը երեք դեպք է գրանցվել։

Հայաստանը ստորագրել է ընտանեկան բռնության դեմ պայքարի մասին ԵԽ կոնվենցիան

Այս տարվա ցուցանիշն ավելի ցածր է 2017 թվականի համեմատ, երբ առաջին հինգ ամիսներին ընտանեկան բռնության 317 դեպք էր գրանցվել։ Դրանցից 75-ի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել (16-ը դատարան էր ուղարկվել, 59-ը` կարճվել), 242-ի դեպքում մերժել էին դատական գործ հարուցել։

«Ամուսնու կողմից կնոջ նկատմամբ բռնության 182 դեպք է գրանցվել, ամուսնու նկատմամբ բռնության` 6 դեպք, զավակի նկատմամբ` 10 դեպք, ծնողի նկատմամբ` 51 դեպք», — ասաց Դուրյանը։

Նրա խոսքով` Հայաստանն այս համատեքստում տարածաշրջանում լավագույն տեղն է զբաղեցնում։

Հիշեցնենք, որ 2017 թվականին Հայաստանում կրճատվել էր սեռական բնույթի հանցագործությունների թիվը երեխաների նկատմամբ։ Այսպիսով, 2016 թվականին ուսումնասիրվել է սեռական բնույթի 157 գործ, դրանից երեխաների նկատմամբ` 110 դեպք։ 2017 թվականին սեռական բնույթի հանցագործությունների ընդհանուր աճի ֆոնին (161 դեպք) երեխաների նկատմամբ բռնությունների թիվը կրճատվել է։