ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾ) այս պահին գործողություն է իրականացնում Հալաբյան փողոցում գտնվող գրասենյակներից մեկում: Ըստ տեղեկությունների՝ այն «օրենքով գող» Արմեն Հարությունյանի (Արմեն Կանևսկոյ) տարածքներից է:
ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը ԶԼՄ–ների հետ զրույցում հաստատել է այս տեղեկությունը՝ նշելով, որ այս պահին այլ մանրամասներ ասել չի կարող:
Նշենք, որ օրերս առաջ էլ խուզարկել են Արմեն Հարությունյանի եղբոր՝ «Արտյոմ Կանևսկոյ» մականունով քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանի բնակարանը:
Արմեն Կանևսկոյը (Արմեն Հարությունյան) եղել է հետխորհրդային տարածքի ամենաազդեցիկ օրենքով գողերից մեկը։ Նա ծնվել է Երևանում, բայց մեծացել է Կրասնոդարի երկրամասի Կանևսկայա գյուղում, այստեղից էլ առաջացել է մականունը։ 26 տարեկանում նրան թագադրել է Դեդ Հասանը և դարձրել իր ներկայացուցիչը Կրասնոդարի երկրամասում։ Կյանքի վերջին տարիներին Կանևսկոյն ապրել է Հայաստանում։ Մահացել է 2010 թվականին Աստրախանում: