«Տուբդիսպանսերում» աշխատավարձերը կբարձրանան

Առողջապահական ոլորտում առաջին դրական տեղաշարժերը նկատելի են դառնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik.  Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում բժիշկների աշխատավարձը հուլիսի 1-ից կբարձրանա։

Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարը` իր ֆեյսբուքի էջի միջոցով։ Ըստ Արսեն Թորոսյանի աշխատավարձի 25-30%-ով նախատեսվող բարձրացմանը հնարավոր է եղել հասնել ընդամենը մեկ ամսվա բարեխիղճ կառավարման, ռեսուրսների օպտիմալացման և վատնումների բացառման արդյունքում։

Հիշեցնենք, որ տուբերկուլոզի շուրջ թեմաները սկսեցին ակտիվ քննարկվել, երբ մի քանի շաբաթ առաջ մամուլում հրապարակումներ հայտնվեցին Երևանի կենդանաբանական այգում` իբրև թե բռնկված համաճարակի մասին։ Համաճարակի մասին լուրը հերքվեց։

Առողջապահության նախարարությունը տեղեկացրեց, որ անհանգստության առիթ չկա, բայց կանցկացվեն կրկնակի ստուգումներ։

Ստուգումից հետո գերատեսչությունը կրկին հավաստիացրեց, որ անհանգստանալու կարիք չկա` Երևանի կենդանաբանական այգին, գոնե տուբերկուլոզի առումով, անվտանգ է։