ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. Առաջիկա 5 օրերին՝ մինչև հուլիսի 2-ը ներառյալ, Հայաստանը լինելու է ակտիվ ալիքի ջերմային ազդեցության գոտում: Հունիսի 27-30 ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը բարձրանալու է ընդհանուր առմամբ 4-5 աստիճանով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Ամենատաք շրջաններում արդեն հունիսի 29-ին կարձանագրվի մինչև 40 աստիճան ջերմություն, խոսքը վերաբերում է Արարատյան դաշտին, Երևանին, Սյունիքի հովտային գոտուն։ Տավուշի հովտային գոտիներում կլինի 37-38 աստիճան, լեռնային գոտիներում կհասնի 34 աստիճանի»,- ասաց նա։
Սուրենյանն ընդգծեց, որ տաք շրջաններում լինելու է բարձր հրդեհավտանգ իրավիճակ և մարդկանց հորդորեց զգոն լինել կրակի հետ։
Նա նշեց նաև, որ ի տարբերության անցյալ տարվա, այս տարի «անվերջանալի» շոգ չի լինելու. հուլիսին և օգոստոսին պարբերաբար սառը օդային հոսանքներ են գալու Սոչիից։
ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցն էլ իր հերթին խոսեց տարրական կանոնների մասին, որոնց պետք է հետևել շոգի ժամանակ։ Նրա խոսքով` ցերեկային ժամերին պետք չէ դուրս գալ փողոց։
«Պետք է մեծ քանակով սովորական ջուր խմել։ Կտրականապես արգելվում են ալկոհոլային և զովացուցիչ ըմպելիքները»,- ասաց նա
Նա խոսեց նաև ռիսկային խմբերի մասին։
«Ամենաշոգ ժամերին հղիները, ծերերն ու երեխաները պետք է անկողնում պառկած լինեն։ Պարտադիր չէ քնել, կարևորը պառկելն է, քանի որ պառկած դիրքն ամենապահովն է ռիսկային խմբի համար»,- ասաց նա։
Բակունցը հիշեցեց նաև, որ ոչ մի դեպքում չի կարելի շոգին փողոց դուրս գալ առանց ակնոցի ու գլխարկի։