Ոսկերչական խանութից գողություն կատարողը Շիրակի մարզից է. նոր մանրամասներ

32–ամյա կասկածյալը ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik. Քրեական գործ է հարուցվել  հունիսի 25-ին Երևանի կենտրոնում գործող ոսկերչական խանութում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ. կասկածյալը ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Հունիսի 25-ին, ժամը 13:55-ին, ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Մոսկովյան փողոցի թիվ 8 հասցեում գործող «Գաֆրի» ոսկերչական խանութի տագնապի ազդանշանը միացել է: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և պարզել, որ ավազակային հարձակմամբ խանութից հափշտակվել է թանկարժեք զարդ։

Արտակարգ դեպք Երևանում. ոսկու սրահը կողոպտել է, հեռանալիս վնասել ավտոմեքենաները

Նախնական քննության տվյալներով՝ ժամը 13:40-ի սահմաններում խանութ է մտել մի երիտասարդ և գնելու նպատակով վաճառողուհուց վերցրել կանացի թանկարժեք մատանի՝ ոսկուց և ադամանդե քարերով։ Այն խանութի մուտքի մոտ գտնվող իր ծանոթին ցույց տալու պատրվակով երիտասարդը դիմել է փախուստի, ում փորձել է բռնել խանութի պահպանությունն իրականացնող աշխատակիցը։ Երիտասարդը դանակով սպառնացել է իրեն բռնել ցանկացող քաղաքացիներին և նստելով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, հեռացել է դեպքի վայրից։

Քննությամբ պարզվել է, որ տվյալ մեքենան Մոսկովյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում վթարի է ենթարկվել՝ բախվելով այլ ավտոմեքենաների, ինչից հետո ենթադրյալ հանցագործություն կատարած անձը փախուստի է դիմել այլ ավտոմեքենայով՝ օգտվելով տաքսի ծառայություններից։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (ավազակություն)։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է կասկածյալի ինքնությունը, ով Շիրակի մարզի բնակիչ է՝ ծնված 1986թ.։ Կասկածյալը ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է։