Կարեն Կարապետյանը կլքի ՀՀԿ 1–ին փոխնախագահի պաշտոնը

Կարեն Կարապետյանի կողմից «Հանրապետական» կուսակցությունը լքելու որոշում այս պահին չկա, նշեց Շարմազանովը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 Հունիս — Sputnik. Կարեն Կարապետյանի այդ որոշումը նորմալ եմ գնահատում։ Նախկին վարչապետի` ՀՀԿ–ի առաջին տեղակալի պաշտոնը լքելու լուրը հաստատեց և այսպես գնահատեց  ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում։

Կարեն Կարապետյանը փորձում է Հայաստանից հանել իր կապիտալը. «Ժամանակ»

«Որևէ արտառոց բան չեմ տեսնում։ Կարեն Կարապետյանը հասուն քաղաքական գործիչ է, ինքն է որոշում` լինել առաջին տեղակալ, թե ոչ: Ես հարգանքով եմ վերաբերում Կարեն Կարապետյանի որոշմանը»,- նշեց Շարմազանովը:

Թե ՀՀԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնում ով  կփոխարինի Կարապետյանին` կորոշվի ՀՀԿ խորհրդի նիստում։ Կարեն Կարապետյանի այս քայլը Շարմազանովը փախուստ չորակեց։ «Նա` որպես կուսակցության առաջին տեղակալ, գտնում է, որ քաղաքական այս իրավիճակում ինքն այնքան էլ ակտիվ չէ, գտնում է, որ արդար չէ, որ, չլինելով ակտիվ քաղաքական գործընթացներում, մնալ այդ պաշտոնին»:

Նա հավելեց, որ Կարեն Կարապետյանի կողմից ՀՀԿ-ն լքելու որոշում այս պահին չկա, նման խոսակցություն չի եղել: