«Զինվորականներին անտոկոս վարկ ենք տրամադրելու». Նիկոլ Փաշինյան

Մեկնարկել է ՀՀ վարչապետի ֆեյսբուքյան հարցուպատասխանը
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik.  Ինչպես և խոստացվել էր, Նիկոլ Փաշինյանը սկսեց պատասխանել իր էջում ուղիղ եթերի մասին ազդարարող գրառման տակ շարադրված ամենաշատ հավանումների արժանացած հարցից։ Դա վերաբերում էր հիփոթեքային վարկերի տոկոսադրույքի բարձր լինելուն և թե արդյոք շարունակվելու է Սերժ Սարգսյանի նախագահության օրոք մեկնարկած մասնագետներին մատչելի բնակարանով ապահովելու պետական աջակցության ծրագիրը։

«Բոլորին, հատկապես մեր հայրենակիցներին հրավիրում ենք ներդրումներ անելու». Նիկոլ Փաշինյան

Վարչապետը տեղեկացրեց, որ այդ խնդրով այժմ աշխատանքներ են տարվում Կենտրոնական բանկի հետ համատեղ և  որի շուրջ վաղը խորհրդակցություն է հրավիրել, հավելելով` «Կարծում եմ լավ լուրեր կունենանք»:

Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ կշարունակվի և նոր թափ կստանա «Բնակարաններ երիտասարդ ընտանիքներին» ծրագիրը և կմեկնարկի «Բնակարաններ զինծառայողներին» ծրագիրը: Բայց նորությունն այն է, որ կունենք վարկի ցածր տոկոս, 7-7.5 տոկոսանոց հիփոթեքային վարկեր, իսկ զինվորականներինը կլինի անտոկոս։

«Մենք հասկանում ենք, որ սա սկիզբն է և ծրագիրն ինչքան հաջող ընթանա, տոկոսներն ավելի կիջնեն»,–շեշտել է վարչապետը։

«Կանխավճարների մասով նախատեսումենք, որ դրանք կնվազեն: Մասնավորապես՝ զինվորականների դեպքում կլինի 10 տոկոս, իսկ երիտասարդ ընտանիքների դեպքում 30 տոկոսից կիջնի 20 տոկոս: Սրանք նախնական տվյալներն են, վաղվա խորհրդակցության ընթացքում շատ բան պարզ կլինի»,–տեղեկացրեց նա, ավելացնելով, որ նպատակ է դրվել նաև, որ շինարարությունը չկենտրոնանան Երևանում, որպեսզի պետությանը վճարվելիք եկամտահարկով վարկի մարմանը մասնակցեն նաև մարզերի բնակիչները: