ԵՐԵՎԱՆ, 25 hունիսի — Sputnik. Վարչապետն այսօր ընդունել է Կրասնոդարից, Ռոստովից, Ստավրոպոլից, Նովոռոսիյսկից և Ռուսաստանի այլ քաղաքներից ժամանած հայազգի գործարարների:
Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ գործարարների հետաքրքրությունն իր հետ կբերի կոնկրետ արդյունքներ: Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին` վարչապետը շեշտել է, որ հիմա կարևոր է համատեղ ջանքեր գործադրել դրանց դրական արդյունքները երաշխավորելու համար։
«Այսօր Հայաստանում ամենաակտիվ գործընթացը, որ տեղի է ունենում՝ կոռուպցիայի դեմ պայքարն է, ինչը պետք է հետագա զարգացումների համար անհրաժեշտ դաշտ ապահովի»,–ասել է վարչապետը` հույս հայտնելով, որ այդ գործընթացը կդառնա ապացույցն այն բանի, որ նոր իշխանությունները տրամադրված են Հայաստանում ապահովել օրինականություն և գործողությունների հավասար դաշտ բոլորի համար:
Հորդորելով գործարարներին ներդրումներ անել մեր երկրում` Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է կառավարության տեսլականը. «Մեր ընկալումը հետևյալն է, որ ներդրողները ստանան ռեալ շահույթ, օգուտներ և նրանց գործունեության արդյունքում Հայաստանի Հանրապետությունն օգուտներ ստանա երկու հիմնական ուղղություններով՝ առաջինն աշխատատեղերի բացումն է, երկրորդը՝ պետական եկամուտների աճը»:
Վարչապետը հիշեցրել է, որ ընտրվելուց հետո հանդիպում է ունեցել գործարար շրջանակների հետ և ասել, որ նրանք այլևս ազատված են որևէ կոռուպցիոն պարտավորությունից, դրանք ՀՀ-ում այլևս չեն գործելու, ինչը ևս մեկ ազդակ է ու խթան, որպեսզի գործարար դաշտը բարելավվի։
«Հայաստանից մարդիկ հեռացել են ոչ միայն սոցիալական անարդարությունների բերումով, այլև այն պատճառով, որ հավասար հնարավորություններ չեն ստեղծվել բոլորի համար: Այսօր այդ խնդիրները քաղաքական մակարդակով վերացած են և մենք բոլորին, հատկապես մեր հայրենակիցներին հրավիրում ենք Հայաստանում ներդրումներ անելու, աշխատատեղեր բացելու և աշխատելու մեր հայրենիքը շենացնելու ուղղությամբ»,–ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` շեշտելով, որ բավական է Հայաստանը դիտել որպես բարեգործություն անելու օբյեկտ և պետք է հարցին մոտենալ ներդրում անելու և դրանից շահույթ ստանալու տեսանկյունից:
«Համոզված եմ, որ ձեր օգնությունը լինելու է, որովհետև մեր անկեղծ կոչին հետևել է անկեղծ արձագանք, որովհետև ի՞նչն է ստիպել ձեզ այսօր գալ այստեղ՝ ոչինչ, միայն օգնելու անկեղծ ցանկությունը և շնորհակալ եմ այդ ցանկության համար: Մենք ամեն ինչ կանենք, որ անկեղծ օգնելու այդ ցանկության մեջ ոչ մի հիասթափություն չապրեք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Հյուրերն իրենց հերթին ընդգծել են, որ հայրենիք են ժամանել կոնկրետ ներդրումային ծրագրերով, որոնց ուղղությամբ կանցկացնեն քննարկումներ: Գործարարները վստահություն են հայտնել, որ արդյունաբերության, գյուղատնտեսության, ծառայությունների, առողջապահության և այլ ոլորտներում նախատեսվող ծրագրերի արդյունքում կստեղծվեն բազմաթիվ նոր աշխատատեղեր: