Մանվել Գրիգորյանի «հոգեպահուստի» մի մասը գտել են «Արա Լեռ»–ից և Միրզաջանից. տեսանյութ

Հասցեատիրոջը չհասած ծաղկեպսակ. էլ ինչե՞ր կան գեներալի պահեստներում
Sputnik

ԱԱԾ–ՀՔԾ համագործակցության արդյունքում նոր մանրամասներ են ի հայտ գալիս Մանվել Գրիգորյանի գործով։ 

Շարունակելով ստացված տեղեկությունների ճշգրտման գործընթացը` իրավական օգնություն ցույց տալու միջնորդություն էր ուղարկվել Արցախի Հանրապետության իրավապահ մարմիններին, որի շրջանակներում 2018 թվականի հունիսի 20-ի առավոտյան խուզարկություն է կատարվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի  հարակից` «Արա Լեռ» կոչվող տարածքում գտնվող Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատանը:

Սերժ Սարգսյանի եղբորը բերման են ենթարկել. տեսանյութ

Կրկին հայտնաբերվել են «Զինվորի բաժին» մակագրությամբ մսի պահածոներ, ծխախոտ, զինվորական ներքնահագուստ և արտահագուստ, հիգիենայի պարագաներ, վիրակապեր, բենզին, ինքնաձիգի մեծ քանակությամբ 7,62 և 5,45 մմ տրամաչափերի փամփուշտներ:

ՀՀ ԱԺ պատգամավորի տարածքից հայտնաբերվել է նաև հասցեատիրոջը չհասած ծաղկեպսակ:

Հունիսի 20-ին Արցախի ԱԱԾ–ն օպերատիվ հետախուզություն  է իրականացրել Ասկերան քաղաքի տարածքի Միրզաջան կոչվող տեղանքում տեղակայված «ՋԻ-Էս Պլյուս» ՍՊԸ պահեսում: Արդյունքում պարզվել է, որ ԵԿՄ հասարակական կազմակերպության ղեկավար կազմը հափշտակել է ՀՀ պաշտպանության նախարարությունից, Արցախի  պաշտպանության բանակից, ինչպես նաև տարբեր կազմակերպություններից և քաղաքացիներից ապրիլյան քառօրյա  պատերազմի օրերին որպես օգնություն տրամադրված առանձնապես խոշոր չափերով պարենային ապրանքներ:

Մասնավորապես հայտնաբերվել է  «Զինվորի բաժին» գրառմամբ թվով 25 հատ մսի պահածո, 229 հատ տարբեր տեսակի դատարկ պահածոների տարաներ, 2537 հատ գուլպա, 19,425 տուփ ծխախոտ, 882 զույգ ձեռնոց և այլ ապրանքներ:

Քրեական գործի բոլոր հանգամանքների լրիվ և օբյեկտիվ հետազոտման ուղղությամբ տարվող քննչական գործողություններն ու օպերատիվ-հետախուզական համագործակցված միջոցառումները շարունակվում են:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, դեռևս 2018թ. հունիսի 16-ին  Էջմիածին քաղաքում խուզարկություններ էին անցկացրել ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի տանը, ամառանոցում և նրան պատկանող այլ տարածքներում:

Նախաքննությունը շարունակվում է: