Սարգսյանի հետ, թե՞ առանց նրա. պե՞տք է արդյոք նախկին նախագահի դիվանագիտական ծառայությունը

Հայաստանի կառավարությունը և Հանրապետական կուսակցությունն արձագանքել են վարչապետի խորհրդականի հայտարարությանը նախկին նախագահին արցախյան հակամարտության հարցով հատուկ բանագնաց նշանակելու հնարավորության մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում մեկնաբանեց Սերժ Սարգսյանին Արցախի հարցով հատուկ բանագնաց նշանակելու հնարավորության մասին խոսակցությունը։

Ավելի վաղ նման հավանականությունը չի բացառել վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Արսեն Խառատյանը։ Հարցազրույցներից մեկում, պատասխանելով այդ հարցին, Խառատյանը հայտարարել է, որ օրը կգա, և, հնարավոր է` Սերժ Սարգսյանը դառնա արցախյան հարցով հատուկ բանագնաց։

Շարմազանով. «Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարգսյանը միջնորդության կարիք չունեն»

«Չեմ բացառում որևէ մեկի մասնակցությունը համապետական խնդիրների լուծմանը, եթե նրա մասնակցության շուրջ գոյություն ունի հասարակական համերաշխություն, և եթե մենք տեսնենք, որ հենց այդ մարդն է անհրաժեշտ այդ վայրում», – ասել է Խառատյանը։

Միաժամանակ, Եղոյանը, պատասխանելով այն հարցին, թե որքանով են Խառատյանի խոսքերը համահունչ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանը, ասել է` պետք է հասկանալ, որ Խառատյանը ոչ թե վարչապետի խոսնակն է, այլ նրա խորհրդականը։

Ինչպես նշեց Եղոյանը, խորհրդականի աշխատանքն այս կամ այն թեմայի համակողմանի վերլուծություն անելն է, թեր և դեմ կողմերը հաշվի առնելն ու վարչապետին համապատասխան խորհուրդներ տալը։ Այնուհետև կառավարության ղեկավարն ինքն է որոշում, թե ինչպես վարվի այդ խորհուրդների հետ։

«Կոնկրետ այս դեպքում պարոն Փաշինյանը չի կիսում Խառատյանի տեսակետը։ Բայց Խառատյանն իր գործն է անում` որպես արտաքին քաղաքականության հարցերով վարչապետի խորհրդական նա ընդամենը դիտարկում է Սերժ Սարգսյանի աշխատանքի հնարավորությունն արցախյան կարգավորման հարցով հատուկ բանագնացի պաշտոնում։ Ինչպես հայտնի է, վարչապետը նաև ուրիշ խորհրդականներ ունի։ Վարչապետը որոշումները կայացնում է բոլոր կողմերի դիրքորոշումները համադրելու և վերլուծելու հիման վրա», – ասաց մեր զրուցակիցը։

ՀՀԿ–ում ոչ մի սենսացիոն բան չեն տեսնում Խառատյանի հայտարարության մեջ։ ՀՀԿ–ի մամուլի քարտուղար և խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքով` նախկին նախագահներին տարբեր դիվանագիտական առաքելություններում ներգրավելն ընդունված փորձ է, եթե խոսքը գնում է գլոբալ համապետական խնդիրների մասին։ Բայց Խառատյանի հայտարարությունը ՀՀԿ–ում դեռ չի քննարկվել։

Ավելին, եթե Փաշինյանի և Սարգսյանի միջև հանդիպման անհրաժեշտություն ծագի, ապա այն կկայանա առանց միջնորդների։ Շարմազանովը հիշեցրեց, որ ապրիլյան պատերազմի օրերին Սերժ Սարգսյանը հանդիպել է առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի հետ` անտեսելով քաղաքական տարաձայնությունները։ Հանրապետականի խոսքով` ավելի վաղ գործող վարչապետն ինքն է ասել, որ եթե մի օր հանդիպի Սերժ Սարգսյանի հետ, ապա միայն արցախյան հարցը քննարկելու նպատակով։