Պատգամավորները թույլ չտվեցին երիտասարդին նետվել «Հաղթանակ» կամրջից

Նաիրա Զոհրաբյանը տեսել է ինքնասպանության փորձ անող երիտասարդին և զանգել Վահե Էնֆիաջյանին։ Դեպքերի զարգացման մասին պատմել է պատգամավորը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnk. Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին այսօր հաջողվել է կանխել մի երիտասարդի ինքնասպանությունը։ Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։

«Այսօր` վաղ առավոտյան ժամը 06։30-ի սահմաններում, գործընկերուհիս՝ Նաիրա Զոհրաբյանը, զանգահարեց և տեղեկացրեց, որ հենց այդ պահին «Հաղթանակ» կամրջով անցնելիս նկատել է ինքնասպանության փորձ կատարող երիտասարդի։ Խնդրեց` շտապ մոտենամ, որպեսզի միասին օգնենք երիտասարդին»,- գրել է նա:

Զանգից հաշված րոպեներ անց Էնֆիաջյանը եղել է դեպքի վայրում։

«Փա՛ռք Աստծո, Նաիրա Զոհրաբյանին հաջողվեց երիտասարդին համոզել անցնել կամրջի այս կողմը։ Անձամբ երիտասարդի հետ զրուցելուց հետո պարզ դարձավ, որ նրա հուսահատ քայլը պայմանավորված է իրավունքի և արդարադատության խնդիրներով։ Կարողացանք երիտասարդի հետ ընդհանուր հայտարարի գալ, որ նման քայլի նա այլևս չի դիմի»,- նշել է պատգամավորը` ավելացնելով, որ անձամբ է երիտասարդին ուղեկցել տուն։

Պատգամավորը խոստանում է, որ դեպքի մանրամասները լրացուցիչ կտեղեկացնի։

Նրա խոսքով` մեր երկրի քաղաքացիներն իրենց հոգատարությամբ, հետաքրքրասիրությամբ և մարդասիրությամբ տարբերվում են այլ ազգերից։

Էնֆիաջյանն առանձնակի շեշտել է, որ ոստիկանության աշխատակիցներն իրենց պարտականությունները փայլուն են կատարել: