ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. Թուրքմենստանը միջոցներ է որոնում իր գազի առաքումները դիվերսիֆիկացնելու համար, բայց գոյություն ունեցող հանքավայրերը «ամրագրված» են մի քանի տարով, Sputnik Արմենիային ասաց քաղաքական գիտությունների թեկնածու Ե.Մ. Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի հետխորհրդային ուսումնասիրությունների կենտրոնի բաժնի վարիչ Ելենա Կուզմինան՝ մեկնաբանելով Աշխաբադի` TANAP նախագծին միանալու հնարավորությունը։
Ադրբեջանից Թուրքիա տրանսանատոլիական գազատարի (TANAP) բացման արարողությունը տեղի է ունեցել հունիսի 12-ին։
«Թուրքմենստանը զգալիորեն ավելի շատ հայտնաբերված պաշարներ ունի, քան արդյունահանվող։ Որոշ երկրներ հույսը չեն կորցնում, որ կկառուցվի տրանսկասպիական գազատար, երբ լուծվի Կասպից ծովի կարգավիճակի հարցը», — ասաց Կուզմինան։
Նրա խոսքով՝ տանկերներով շատ գազ չես տեղափոխի։ Բացի այդ, Թուրքմենստանը շատ պայմանագրեր ունի կնքած, գազի ավելի քան 90 տոկոսն առաքվում է Չինաստան։ Այն արդեն մի քանի տարվա հաշվարկով վաճառվել է միայն այն բանի հաշվին, որ չինացիներն իրենք են կառուցել գազատարը։
Թուրքմենստանը նոր հանքավայրեր ունի, բայց հարց է, թե ինչպես կտնօրինի դրանք։
Հայտնի է դարձել, որ Աշխաբադը և Բաքուն պայմանավորվել են Կասպից ծովի վիճելի հանքավայրերի շուրջ, բայց, Կուզմինայի խոսքով, անհասկանալի է` ինչ հիմքերով Ղազախստանը և Ռուսաստանը ծովում համատեղ հանքավայրերի համատեղ օգտագործման իրավունք ունեն։
«Հիմա Թուրքմենստանը ևս մեկ ուղղություն ունի՝ Իրանը։ Թեհրանը կասպիական ափին չունի նավթագազային շրջան։ Իրանին ձեռնտու է, որ տեղի շրջանները մատակարարվեն Թուրքմենստանից և Ղազախստանից», — ասաց Կուզմինան։
Նրա խոսքով՝ Թուրքմենստանն ազատ գազ չունի։ Միաժամանակ երկիրը տարբերակներ է որոնում` հասկանալով, որ մեկ գնորդի հետ ուժեղ կապվածությունը նպատակահարմար չէ տնտեսական տեսանկյունից։
Բայց դրա համար պետք են նոր մշակումներ, նոր խողովակաշարեր։ Բացի այդ, հիմա Թուրքմենստանը Ասիական բանկի օգնությամբ կառուցում է նաև ՏԱՊԻ գազատարը։
Կուզմինայի կարծիքով՝ գազի մի մասը գոյություն ունեցող գազատարերով կգնա նաև Ռուսաստան։
1850 կմ երկարությամբ TANAP գազատարով սկզբից 6 մլրդ խորանարդ մետր գազ կառաքվի Թուրքիա։ 2020թ-ի սկզբին այդ գազատարին կիմանա Տրանսադրիատիկ գազատարը (ТАР), որի շնորհիվ TANAP-ի թողունակությունը կհասնի 16 միլիարդ խորանարդ մետրի։ ТАР-ի շնորհիվ ադրբեջանական գազը TANAP-ի միջոցով կառաքվի Եվրոպայի երկրներ (Վրաստանի և Թուրքիայի տարածքով)։
Փորձագետների գնահատականներով՝ ադրբեջանական գազը բավարար չի լինի TANAP-ը լցնելու համար, ուստի որպես լրացուցիչ աղբյուր նշվում է նաև Թուրքմենստանը։