Ինչ ընդհանրություն ունեն Էրդողանն ու Պուտինը, ըստ Թուրքիայի առաջնորդի

Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունների նախաշեմին նախագահ Էրդողանը հարցազրույց է տվել TRT թուրքական պետական հեռուստաալիքին, որի ժամանակ խոստովանել է, որ ՄԱԿ-ում ամենափորձառու քաղաքական գործիչ է համարում իրեն և Վլադիմիր Պուտինին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի —Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ իրեն և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին ամենափորձառու քաղաքական գործիչներն է համարում ՄԱԿ-ի ԳՎ-ում։ Նման կարծիք նա արտահայտել է TRT թուրքական պետական հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ` փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Անկեղծ ասեմ, ներկա պահին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում երկու իսկապես փորձառու քաղաքական գործիչ կա. նախագահ Պուտինը և ես։ Հավանաբար, կա էլի ինչ-որ մեկը, սակայն այս պահին չեմ հիշում», — ասաց Էրդողանը։

«Էրդողանը գնալու է, դուք դատվելու եք»․ Փայլանը՝ դատավորներին

Էրդողանը նաև ընդգծեց սիրիական հարցի վերաբերյալ Թուրքիայի և Ռուսաստանի միջև հաստատված լավ համագործակցությունը։

Նրա խոսքով` Պուտինի հետ «հատուկ հարաբերություններն» ու երկու երկրների արտգործնախարարությունների սերտ շփումը օգնեցին առաջընթաց արձանագրելու այդ ոլորտում, մասնավորապես` Սոչիում և Աստանայում սիրիական հարցի կարգավորման վերաբերյալ բանակցություններ կազմակերպել։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահական աթոռի համար հունիսի 24-ին կայանալիք արտահերթ ընտրություններին կպայքարեն գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունից, Մուհարեմ Ինջեն` Ժողովրդական-հանրապետական կուսակցությունից, Սելահաթին Դեմիրթաշը` Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցությունից, ինչպես նաև Մերալ Աքշեները` վերջերս ստեղծված «Լավ կուսակցությունից», Դողու Փերինչեքը` «Հայրենիք» կուսակցությունից, Թեմել Քարամոլաօղլուն` «Երջանկություն» կուսակցությունից։ Նախագահական ընտրությունների հետ միաժամանակ կանցկացվեն նաև խորհրդարանական ընտրությունները։