Վրաստանը պետք է երախտապարտ լինի Հայաստանին, կամ ինչ սպասի Երևանը վարչապետ Բախտաձեից

Վրաստանի նոր վարչապետի օրոք հայ–վրացական հարաբերությունները միայն խորանալու են։ Այդ հարաբերություններն արդեն փորձություն անցել են երրորդ նախագահ Միխայիլ Սահակաշվիլու օրոք. երկու կողմերի համար էլ ամենավատ ժամանակներն անցյալում են, կարծում է վրաց փորձագետը։
Sputnik

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Վրաստանը պետք է երախտապարտ լինի Հայաստանին` Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սահակաշվիլու ժամանակաշրջանում ցուցաբերած համբերատարության համար։ Այն փորձությունը, որ անցան հայ–վրացական հարաբերություններն այդ շրջանում, ապացուցում է դրանց ամրությունը։

Դրանում համոզված է Վրաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Պետրե Մամրաձեն, ընդգծելով, որ երկկողմ հարաբերությունները կխորանան նաև նոր իշխանությունների օրոք։

Ինչպիսի՞ն է սպառազինության բաշխվածությունը Հարավային Կովկասում

Բանն այն է, որ Սահակաշվիլու նախագահության օրոք, պաշտոնական Թբիլիսին սերտ համագործակցում էր Անկարայի և Բաքվի հետ` նրանց ռազմավարական գործընկերոջ կարգավիճակ տալով, իսկ Երևանին պրագմատիկ գործընկերոջ դեր էր հատկացվել։ Հայ–վրացական հարաբերությունները նոր փուլ են թևակոխել Վրաստանի նախկին վարչապետ  Բիձինա Իվանիշվիլու և նրա «Վրացական երազանք` Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության իշխանության գալուց հետո։

Այսօր Վրաստանի ներքաղաքական կյանքում փոփոխություններ են տեղի ունեցել։ Հունիսի 20-ին, Վրաստանի խորհրդարանը վստահություն հայտնեց վարչապետ Մամուկ Բախտաձեի գլխավորությամբ նոր կառավարությանը, ինչպես նաև` «Ազատություն, արագ զարգացում, բարեկեցություն» կառավարական ծրագրին։

«Ամենավատն, ինչ կարող էր տեղի ունենալ հայ–վրացական հարաբերություններում, արդեն անցյալում է։ Մենք ապացուցել ենք, որ մեր հարաբերություններն ամուր հիմք ունեն` փորձությունների միջով անցնելով Սահակաշվիլու կառավարման օրոք։ Եվ սա մեծ հաշվով, հայկական կողմի դիվանագիտության շնորհիվ», – ասաց Մամրաձեն։

Նրա խոսքով` հայկական կառավարության հասցեին Սահակաշվիլու ցանկացած պոռթկում Երևանն ընդունում էր հաստատակամ և կշռադատված։ Նա նաև համոզված է, որ Վրաստանի նոր վարչապետ Բախտաձեն կշարունակի «Վրացական երազանքի» երկար տարիների վերցրած ուղղությունը, որը միտված է տարածաշրջանի բոլոր երկրների, հատկապես Հայաստանի հետ, գործընկերային հարաբերությունների ստեղծմանը։

Այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել երկու երկրներում, օգտակար կլինեն երկկողմ հարաբերությունների համար` դրանք կխորանան։

«Հայաստանը հավակնություններ չի ներկայացրել նույնիսկ այն ժամանակ, երբ Վրաստանը (աշխարհում միակը) ճանաչել է չերքեզների ցեղասպանությունը` չճանաչելով Հայոց ցեղասպանությունը, որը պաշտոնապես արձանագրել են մի շարք երկրներ», – ասաց Մամրաձեն։

Եվ կրկին Նախիջևանը. ի՞նչ էր «ազատագրում» Զաքիր Հասանովը և արդյո՞ք մտահոգվելու առիթ կա

Վրաց փորձագետի դիրքորոշման հետ համակարծիք է նաև Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը։ Նա համոզված է, որ Հայաստանը` Վրաստանի նոր վարչապետ Բախտաձեի օրոք Թբիլիսիից «Վրացական երազանք» իշխող կուսակցության քաղաքականության շարունակություն պետք է սպասի։

«Հիմնական փոփոխությունները կլինեն Վրաստանի ոչ թե արտաքին, այլ ներքին քաղաքականության մեջ։ Հայ–վրացական հարաբերություններն անփոփոխ կմնան։ Սակայն նախանշված նախագծերի ռեսթարթի և նոր պայմանավորվածությունների ձեռք բերման համար, անհրաժեշտ է, որ վրացական կողմը Հայաստան այցելի», – ասաց Մելիքյանը։

Փորձագետն ընդգծեց, որ Վրաստանում իշխանության գլուխ շարունակում է մնալ Իվանիշվիլիի կուսակցությունը, որը  տարածաշրջանի յուրաքանչյուր հարևանի հետ հարաբերությունների կառուցման առումով հստակ պատկերացում ունի։ Վարչապետների փոփոխությունից քիչ բան է փոխվում։

«Կանխադրույթները անփոփոխ են մնում, տարբերությունն այն է, որ վարչապետներից մեկն ավելի նախաձեռնող է, երկրորդը` պակաս նախաձեռնող։ Բախաձեն, իմ պատկերացմամբ, երիտասարդ, աշխույժ վարչապետ է, որը կշարունակի հայ–վրացական հարաբերությունների խորացման գործընթացը», – ասաց Մելիքյանը։

Մաքսազերծման մենաշնորհին կփոխարինի քաղաքակիրթ պետական ընկերությունը

Ինչպես հայտնեց Sputnik Արմենիայի աղբյուրը, վարչապետ Մամուկ Բախտաձեի գլխավորությամբ Վրաստանից պատվիրակության այց Երևան մոտ ժամանակներում չի սպասվում։ Ներկա պահին որևէ նման պայմանավորվածություններ Երևանի և Թբիլիսիի միջև չկա։

Բախտաձեն մոտական երեք շաբաթվա ընթացքում զբաղված է իր նախաձեռնությամբ` փոքր կառավարության հայեցակարգով, որը  նախատեսում է կրճատել նախարարությունները և 14-ից դարձնել 11։ Բախտաձեի այցը Երևան, ենթադրաբար, տեղի կունենա սեպտեմբերին` մինչև Վրաստանի նախագահական ընտրությունները։