ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. Հայաստանի պետեկամուտների կոմիտեն ավտոգազալցակայանների գործունեության կասեցման որոշումների կայացման թվով 12 դեպք է գրանցել։ Այս մասին հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը։
Այս տարվա հունիսի 1-ից ի վեր ավտոգազալցակայանների գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների մոտ կազմվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների խախտման թվով 31 ստուգման ակտ, որոնցից 12-ը մեկ տարվա ընթացքում խախտման 2-րդ և ավելի դեպքեր են:
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի` հարկային մարմնի կողմից հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների խախտումն արձանագրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, խախտումն առաջին (երկրորդ) անգամ կրկնելու դեպքում տնտեսվարող սուբյեկտը տուգանվում է տվյալ գործունեության իրականացման վայրում տեղադրված հսկիչ դրամարկղային մեքենաներով նախորդ եռամսյակի ընթացքում արձանագրված շրջանառության 0.7 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 300 հազար (600 հազար) դրամից, և տնտեսվարող սուբյեկտի գործունեությունն այդ վայրում և այդ մասով կասեցվում է հինգ (տասը) օրով:
Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն` հարկ վճարողի գործունեության կասեցումը կարող է փոխարինվել տուգանքի վճարմամբ՝ հարկ վճարողի գրավոր դիմումը ներկայացնելու և նույն մասով սահմանված չափով հաշվարկվող տուգանքը վճարելու դեպքում:
Հունիսի 1-ից հետո կազմված ստուգման ակտերի հիման վրա առկա է ավտոգազալցակայանների գործունեության կասեցման որոշումների կայացման թվով 12 դեպք, որից.
1. Թվով 4 դեպքով (նույն թվում՝ «Մուլտի-Գազ» (ՀՎՀՀ-03523012) և «Մուլտի-Լեոն» (ՀՎՀՀ 03521619) ՍՊԸ-ների գծով) ավտոգազալցակայանների գործունեության կասեցումը փոխարինվել է տուգանքի վճարմամբ և գործունեության կասեցում չի իրականացվել:
2. Թվով 8 դեպքով ավտոգազալցակայանների գործունեության կասեցման գործընթացը գտնվում է ընթացքի մեջ:
Ավելի վաղ հասարակությունն ուշադրություն էր դարձրել նոր իշխանության պետական ստուգումների առանձնահատկությանը։ Բոլորն ուղղված էին Սերժ Սարգսյանի շրջապատի դեմ, ստուգող մարմինները զարմանալի կերպով շրջանցում էին Գագիկ Ծառուկյանին (իսկ «Ծառուկյան» դաշինքն աջակցել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի ընտրությունների ժամանակ)։ Սակայն այժմ ստուգումները, կարծես թե, նոր քաղաքական դաշտ են դուրս եկել։
Նկատենք, որ նախկին իշխանությունները Ծառուկյանի բիզնեսը նույնիսկ 2015 թվականի մարտին չէր տուգանել, երբ նա բաց կերպով հայտարարել էր ընդդիմություն դառնալու մասին։ Նրա ձեռնարկություններում միանգամից հարկային ստուգումներ սկսվեցին, սակայն ոչ մի խախտում չհայտնաբերվեց։ «Հետաքրքիր» զուգադիպությամբ, Ծառուկյանը դուրս եկավ ընդդիմադիր ճամբարից և քաղաքականությունից (ինչպես ավելի ուշ պարզվեց` ժամանակավոր)։ Այսօր Ծառուկյանի համախոհները նրան վարչապետի թեկնածու են անվանում և արտահերթ ընտրություններ պահանջում։