ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. Հայաստանը հուլիսին հրավիրվել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, ինչպես նաև բոլոր այն պետությունները, որոնք ավանդ ունեն Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելության մեջ։ Այդ մասին ուրբաթ ՌԻԱ Նովոստիին հաղորդել է դաշինքի պաշտոնյաներից մեկը։
«Գագաթնաժողովին հրավիրվել են այն երկրների և կառավարությունների ղեկավարները, որոնք ավանդ ունեն Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելության մեջ։ Դա վերաբերում է նաև Հայաստանին», — ասել է զրուցակիցը, որը ցանկացել է անհայտ մնալ։
Միաժամանակ նա նշել է, որ յուրաքանչյուր երկիր պետք է «ինքը հաստատի իր ներկայությունը»։
«Ուստի լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար ես խորհուրդ կտայի դիմել Հայաստանի իշխանություններին», — նշել է աղբյուրը։
Ավելի վաղ Հայաստանում լուրեր էին պտտվում, որ հնարավոր է` Նիկոլ Փաշինյանը հուլիսի 11-12-ին մասնակցի Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Սակայն Երևանի պաշտոնական պատասխանը դեռ չկա։