ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը հունիսի 22-ին ելույթ է ունեցել Վենետիկի հանձնաժողովի 115-րդ լիագումար նիստում: Նա իր խոսքում անդրադարձել է մեր երկրում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, Ընտրական օրենսգրքի առաջիկա փոփոխություններին: Այս մասին հայտնում է ՀՀ ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
Արփինե Հովհաննիսյանի խոսքով` նախորդ տարիների համատեղ աշխատանքը կամուրջ է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայուն զարգացման համար և Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններն ու եզրակացությունները շատ կարևոր են եղել ժողովրդավարության ձևավորման գործում: Հաջողվել է իշխանության փոխանցում իրականացնել խաղաղ ճանապարհով:
Անդրադառնալով Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցին՝ Արփինե Հովհաննիսյանը նշել է.
«Մենք պատրաստակամություն ենք հայտնել մասնակցել Ընտրական օրենսգրքի փոփոխություններին` վարչապետի առաջարկած օրակարգով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ունենք Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու և ընդունելու լավ փորձ` հիմնված բոլոր քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության համաձայնության վրա, որը, ի դեպ, առաջարկվել և ողջունվել է Վենետիկի հանձնաժողովի կողմից՝ ներկայումս խորհրդարանում ձևավորել ենք այդպիսի ներառական աշխատանքային խումբ: Երկու օր առաջ Ազգային ժողովում բոլոր քաղաքական ուժերը հանդես են եկել հայտարարությամբ` արտահայտելով Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու համար աշխատանքային խումբ ստեղծելու և դրանում ներգրավվելու իրենց պատրաստակամությունը»:
ԱԺ փոխնախագահի խոսքով` արդեն ունենք ընտրությունների անցկացման լավ փորձ, որը տեղի է ունեցել մեկ տարի առաջ, գնահատվել որպես լավ կազմակերպված և որտեղ հիմնարար իրավունքներն ընդհանուր առմամբ պահպանված են եղել:
«Սա ոչ թե իմ գնահատականն է, այլ նաև միջազգային դիտորդական առաքելության, ներառյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ինը: Այսպիսով, սա պետք է լինի այն հիմքը, որի վրա անցկացվեն նոր ընտրությունները», — նշել է Արփինե Հովհաննիսյանը:
ԱԺ փոխնախագահի և ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի ելույթներից հետո ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոն ընդգծել է՝ կարևոր է, որ ընտրությունները կազմակերպվեն Վենետիկի հանձնաժողովի սկզբունքներին համապատասխան` ներառական և թափանցիկ ձևով, քննարկելով շահագրգիռ կողմերի բոլոր առաջարկությունները՝ կոնսենսուսի հասնելու համար և որպեսզի կուսակցություններն Ընտրական օրենսգրքի ընդունումից հետո ունենան բավարար ժամանակ ընտրություններին մասնակցելու համար: