Օրենքով գողին` թմրանյութի համար. Ալեքսանդր Մակարյանին մեղադրանք է առաջադրվել

Դատաքիմիական փորձաքննության համաձայն «Ալո»–ի մոտ հայտնաբերված զանգվածը մարիխուանա տեսակի թմրամիջոց է եղել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիայի բաժնում հունիսի 21-ին ստացվել և վարույթ է ընդունվել քրեական աշխարհում «Ալո» մականունով հայտնի «օրենքով գող» Ալեքսանդր Մակարյանի կողմից խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելու և պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Արմավիրի քաղաքապետը հրաժարական է տվել մարզպետի հետ հանդիպումից հետո

Հունիսի 20-ին ոստիկանությունը խուզարկել և  «օրենքով գող» համարվող, ՌԴ քաղաքացի, ազգությամբ հայ Ալեքսանդր Մակարյանի բնակության վայրում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակով և ստվարաթղթով փաթեթավորված չորացված ու մանրացված դեղնականաչավուն զանգված:

Դատաքիմիական փորձաքննության թիվ 287Ք-18 եզրակացության համաձայն` հայտնաբերված զանգվածը մարիխուանա տեսակի թմրամիջոց է՝ 11.19 գրամ քաշով:

Երեկ` հունիսի 21-ին, Մակարյանին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափի մարիխուանա տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և իր փաստացի բնակության վայրում պահելու համար։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։ Նախաքննությունը շարունակվում է։