ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. Արցախյան հակամարտության կարգավորումը մոտ կլինի, երբ կոնսենսուս գտնվի հակամարտող կողմերի միջև, ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպումից հետո ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ ՄԱԿ–ի ընդունած 4 բանաձևերի մասին լրագրողի հարցին պատասխանելիս Լավրովն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ դրանք ընդունվել են մարտական գործողությունների ժամանակ։
«Դրանք, մի շարք, այդ թվում` մեր երկրի կողմից ձեռնարկած քայլերի հետ միասին թույլ են տվել կանգնեցնել այդ արյունահեղ իրավիճակը և տեղափոխել են այն քաղաքական երկխոսության դաշտ», – ասաց Լավրովը։
Նրա խոսքով` առանց բացառության բոլոր կողմերի համաձայնությամբ ստեղծվել էր ԵԱՀԿ ՄԽ–ն, որի շրջանակներում որոշում էր կայացվել բոլոր մնացած հարցերը, ներառյալ` «տարածքների ազատագրման և քաղաքական կարգավորման» հարցերը լուծել ԼՂՀ կարգավիճակը որոշելու միջոցով։
Սրանով, ինչպես նշեց նախարարը, Բաքվի և Երևանի համաձայնությամբ մինչև օրս զբաղվում են Ռուսաստանը, ԱՄՆ–ն և Ֆրանսիան որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ։
«Աշխատում ենք, որ լուծենք այն խնդիրները, որոնք ծառացած են բոլորիս առաջ։ Այդ ամենը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է, որ հակամարտող կողմերը կոնսենսուսի գան։ Երբ շարժվենք այդ ուղղությամբ, համոզված եմ, որ կարգավորումը սարերի հետևում չի լինի», – նշել է Լավրովը։
ՄԱԿ–ի ԱԽ–ն արցախյան հակամարտության հարցի վերաբերյալ 4 բանաձև է ընդունել (822, 853, 874 և 884)։ Բոլորն ընդունվել են արցախյան պատերազմի ամենաթեժ պահին` 1993 թվականի ապրիլի 30-ից նոյեմբերի 12-ը։
Պաշտոնական Բաքուն մշտապես հիշում է բանաձևերի առանձին դրույթները` մեղադրելով Հայաստանին դրանց չկատարման մեջ, միևնույն ժամանակ մոռանալով այդ փաստաթղթի շրջանակներում սեփական պարտականությունների մասին։