Ինչ էր փնտրում ու ինչ է գտել ոստիկանությունը «Յանս» ռեստորանային համալիրում

Քննչական կոմիտեն մանրամասներ է հրապարակել երեկ «Յանս» ռեստորանային համալիրում կատարված խուզարկությունների ու հարուցված քրեական գործի վերաբերյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության քննվող քրեական գործով «Յանս» ռեստորանային համալիրում արձանագրված չարաշահումների փաստեր են բացահայտվել։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Ընդ որում, ֆինանսական չարաշահումներն ի հայտ են եկել հենց ակումբի սեփականատիրոջ`«Սելենա» ՍՊԸ-ին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրի տնօրինության կողմից 2017թ. կատարված ներքին ստուգումների արդյունքում։

Հերթը հասավ Սերժ Սարգսյանին հավատարիմ Վաչիկ Ղազարյանի՞ն

Նախնական տվյալներով` ակումբի հաշվապահը 2012թ.-ի հոկտեմբերից մինչև 2017թ. մայիս, պատվերների ծավալների ու գումարների տվյալները փոփոխելու եղանակով, միանձնյա, որոշ դեպքերում նաև համալիրի մենեջերի հետ համաձայնության գալով, կատարել է յուրացումներ՝ ընկերությանը պատճառելով շուրջ 25.000.000 ՀՀ դրամի վնաս, որից 6.000.000 ՀՀ դրամը հաշվապահը 2017թ. հունիսին վերադարձրել է տնօրեն Ս. Կարապետյանին՝ որպես պատճառված վնասի վերականգնում:

Ակումբի հաշվապահական փաստաթղթերը, դրանց վերաբերյալ տվյալներ պարունակող համակարգչային սարքերն ու սարքավորումները, էլեկտրոնային կրիչները հայտնաբերելու նպատակով երեկ` հունիսի 20-ին, խուզարկություններ են կատարվել «Սելենա» ՍՊ ընկերության տնօրեն Ս.Կարապետյանի, «Սելենա» ՍՊԸ-ի փաստացի սեփականատեր Ռ.Բեգլարյանի բնակության վայրերում և «Յանս» ռեստորանային համալիրի տարածքում:

Հայտնաբերվել և առգրավվել են հաշվապահական փաստաթղթեր, համակարգիչներ, էլեկտրոնային կրիչներ։

Հայտնաբերվել է նաև 2 ատրճանակ՝ փաստաթղթերով և ավելի քան 1 մլն ԱՄՆ դոլար։ ՔԿ-ն չի հայտնում, թե դրանք կոնկրետ որտեղից են հայտնաբերվել։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերի յուրացման փաստով։

Նշենք, որ ակումբը գտնվում է Երևանի կենտրոնում, որոշ տեղեկություններով` այն պատկանում է Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչիկ Ղազարյանին, որը համարվում էր ՀՀ երրորդ նախագահի ամենահավատարիմ մարդկանցից մեկը։

Ղազարյանն այդ պաշտոնից ազատվել է մայիսի 21-ին։