Քաջարանցիները, Ջերմուկի «Օձի աչքն» ու Ամուլսարը

Ամուլսարի հանքավայրի շահագործումը ջերմուկցիների առաջին մտահոգությունն է։ Իսկ ի՞նչ կարծիքի են հենց հանքավայրի քաղաքի բնակիչները նոր հանքավայրերի մասին։
Sputnik

Ջերմուկից առաջին հուշերս երեք տարեկան հասակից են, երբ եղբորովս հղի մայրս, սայլակի մեջ նստած ես և սայլակս տանող հայրս քաղաքի անտառներում զբոսնելուց հետո վերադարձանք հյուրանոց, և հանդիպեցինք լեղաճաք եղած տեղացիների.

— Ո՞նց եք ըտեղ գնացել, ի՞նչ խղճով, բա որ արջը հարձակվե՞ր, հենց իրանց բների մոտերքովն եք անցել։

— Մենք մենակ երկու եղնիկ ենք տեսել, — ժպտալով պատասխանել են մերոնք։

Джермук

20 տարի անց՝ 2018-ին, տեղացիներին խնդրում եմ ինձ արջ կամ եղնիկ ցույց տալ, գլուխները տմբտմբացնում են՝ եղնիկ դժվար մնացած լինի, արջերն էլ հեռավոր անտառներում կլինեն։

«Քաղաքի անտառները դատարկ են, — պատասխանում են ջերմուկցիները, — հենա մեր եղնիկը, սարի գլխին, կարաք իրան նկարեք», — ասում են ու ցույց տալիս քաղաքի ցանկացած ծայրից երևացող լեռան գլխին կանգնեցրած եղնիկի արձանը։

Джермук

Մեզ՝ Ջերմուկ այցելած լրագրողներիս, տեղացիները որոշում են քաղաքի գեյզերները ցույց տալ։ Նստում ենք ամենագնաց ջիպերի մեջ, ասում են`այլ կերպ ջրերի բարձունքին հասնել հնարավոր չէ։

30 րոպե անց մտքովս անցնում է, որ կապտուկների շարան եմ ձեռք բերել մարմնիս բոլոր հնարավոր մասերիս վրա։ Մեքենան այնքան հաճախ է տարուբերվում, որ վախենում եմ նաև գլխի ցնցում ստանալ։ Անցնում ենք աներևակայելի խորդուբորդ ճանապարհով, մեքենայի ապակիներն ամբողջությամբ ցեխով են ներկված։

Վերջը հիասքանչ պատկերն է. մեքենայից իջնելուն պես տեսնում եմ՝ ինչպես են 3 տղամարդիկ նարնջագույն ջրափոսի մեջ նստած վայելում օրը։

Каджаранцы у теплого источника

— Բա չեք մրսո՞ւմ, — մոտենալով ասում եմ տղամարդկանց՝ ինքս իմ մեջ գցել-բռնելով՝ մերկ են, մերկ չեն. ջուրն այնքան խիտ գույն ունի, որ հատակը չի երևում։

— Չէ, այ բալա, դու որտեղի՞ց ես, որ չգիտես, սա տաք ջուր ա, — ասում է մեկը։ Մյուսն էլ տեղից շարժվում է, ու տեսնում եմ իր կողքը մերթընդմերթ ակտիվացող ջրի շիթը։

— Ես Երևանից եմ, դուք Ջերմուկի՞ց եք, — հարցնում եմ՝ շոշափելով ջուրը։ Տաք է, զգալիորեն հանքանյութերով։ Վրաստանի Բորժոմիում նման գեյզերները շրջապատել են լողավազանների պարիսպներով, կողքը կառուցել հյուրատուն, բարձր վճարի դիմաց տրամադրում են ցանկացողներին։ Այս տղամարդիկ բոլորովին անվճար նստած են բնության հրաշալիքի մեջ։

— Քաջարանից ենք։

Ծովագյուղը, կամ ինչպես է ապրում ոչ ձկնորսը ձկնորսների գյուղում

— Կոմբինատո՞ւմ եք աշխատում, — տալիս եմ ակնհայտ պատասխան ունեցող հարց. Քաջարանում այլ աշխատավայր տղամարդկանց համար գրեթե չկա։

— Հա՛, երեքս էլ, հենա չորրորդն էլ խորոված ա անում։

— Քաջարանում հանգստանալու տեղ չկա՞ր, որ հասել եք Ջերմուկ, — խորամանկ ժպտում եմ ես։

Տղամարդկանցից մեկը ձգվում է դեպի օղու բաժակը, մյուսը վերադառնում ակտիվացած ջրի տաք շիթի մոտ, իսկ երրորդը գլխի է ընկնում՝ ինչ նկատի ունեմ։

— Դե բալես, մենք սովոր ենք։ Քաջարանցին լավ գիտի՝ որտեղ ա ապրում, ինչ պայմաններում ու հարմարվել ա։ Մենք դժգոհ չենք։

— Բայց դժգոհ կլինե՞ք, եթե ստեղ էլ հանքավայր լինի, Ամուլսարը գործի դնեն։

— Եթե Ամուլսարը անեն, մենք էս ջուրը չենք ունենա, — խոսակցությանը միանում է օղի խմողը, — այ էս սա՜ղ բնությունը, որ տեսնում ես, չի լինի։

— Ինչի՞ համար փչացնեն էս ամեն ինչը, — շարունակում է սովոր քաջարանցին, — ախր մեր քաղաքը Սովետի ժամանակ ա կառուցվել հատուկ կոմբինատի համար։ Էնտեղ ապրող մարդիկ գիտեին իրանց գլխի գալիքը, ու այլ ելք չկար։ Հիմա ոչ Սովետն ա, ոչ էլ էստեղի մարդիկ են համաձայն, որ Ջերմուկը Քաջարանի պես դառնա։

Գեյզերից մի քիչ հեռու ժողովրդի մոտ «Կծու ջուր», իսկ երկրաբանների մոտ «Օձի աչք» անվանումը ստացած հանքային ջրի ակունքն է։ Տեսքից նույն կարմրանարնջագույն ջուրն է, ինչ քաջարանցիների «լողավազանում» էր։ Բաժակ, բնականաբար, չունենք։

Источник "Глаз змеи"

«Ծառի վրա նայեք», — նկատում է մեր խմբից մեկը։

Աղբյուրի կողքի ծառի ճյուղին մեկանգամյա օգտագործման բաժակներ են՝ դրված սրտացավ ինչ-որ մեկերի կողմից։ Խմում ենք. համից հանրահայտ «Ջերմուկն» է՝ միայն թե գոլ։

Пикник по-армянски

Երբ ավանդույթի համաձայն, ևս մի 20 տարի հետո գամ Ջերմուկ, տեսնե՞ս՝ կլինի այս ջուրը, թե կվերանա այստեղ ման եկող ու ջուրը հավանող կամ չհավանող արջերի հետ միասին։

Նյութը պատրաստվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախաձեռնությամբ՝ «Բացահայտիր երկիրդ» արշավի շրջանակում: