ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. Արարատի մարզի Ավշար գյուղի դպրոցի տնօրեն Խաժակ Աղաբեկյանն ու նրա կինը` Գեղեցիկ Աղաբեկյանը, 10 տարի շարունակ չարաշահումներ են իրականացրել գյուղական դպրոցում ու ոչ միայն անպատիժ են մնացել, այլև ավելի բարձր պաշտոն են ստացել։
ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Խաժակ Աղաբեկյանը, ով այժմ Արարատի մարզպետարանի կրթության և գիտության բաժնի պետն է, 2009թ.-ին, լինելով Ավշարի դպրոցի տնօրեն, որպես դպրոցի 2-րդ պահակ ձևակերպել է Տիգրան Դ.-ին, որպես տեխնիկական աշխատող՝ Գոհարիկ Դ.-ին և Սուրիկ Հ.-ին, ովքեր չեն ներկայացել աշխատանքի։ Դպրոցի պահակ Հմայակ Դ.-ի հետ տնօրենը պայմանավորվել է, որ նա բանկային քարտերով ստանա նրանց աշխատավարձերը, ինչը և շուրջ 5 տարի շարունակ արել է Հմայակ Դ.-ն: Շուրջ 5 տարիների ընթացքում դպրոցի պահակը բանկային քարտերով 10.000.000 դրամ է ստացել։
2014թ.-ին դպրոցի տնօրեն է նշանակվել Խաժակ Աղաբեկյանի կինը՝ Գեղեցիկ Աղաբեկյանը, որը շարունակել է ամուսնու «գործը» և ոչ միայն չի հեռացրել նրա ընդունած կեղծ աշխատակիցներին, այլև 2017թ. սեպտեմբերից որպես հավաքարար ձևակերպվել է Գայանե Մ.-ին, ով չի ներկայացել աշխատանքի, բայց ամսական 54.480 դրամ աշխատավարձ է ստացել, ընդհանուր առմամբ շուրջ 490.320 դրամ:
Ոստիկանությունը պարզել է նաև, որ Խաժակ Աղաբեկյանը դպրոցը սնուցող էլեկտրաէներգիայի հաշվիչից ապօրինի հաղորդալար է անցկացնել իր բնակարան, ինչի արդյունքում 2009-2018թթ. իր տան համար ծախսված էլեկտրաէներգիայի գումարը վճարել է դպրոցի հաշվին՝ վնաս պատճառելով պետությանը:
Նշենք, որ մամուլի հրապարակումների համաձայն` Խաժակ Աղաբեկյանը Արմավիրի նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանի աջ ձեռքն է եղել։ Նրա`բնապահպանության նախարար եղած ժամանակ Աղաբեկյանը նախարարության աշխատակազմի ղեկավարն էր։