Սարգսյանի կուսակցությունը հրաժարվել է ընտրական հարցերը քննարկել Փաշինյանի հանձնաժողովում

Ընտրական օրենսգրքի քննարկումներ տեղի կունենան քաղաքական բոլոր ուժերի հետ. ՀՀԿ–ի համար դուռը չեն փակի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. ՀՀԿ-ն հրաժարվել է քննարկել ընտրական օրենսգրքի բարեփոխումները։ Այս մասին ԱԺ-ում լրագրողներին ասաց Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հարցով վարչապետի հանձնաժողովի քարտուղար, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Սարգսյանը կմասնակցի ընտրական օրենսգրքի փոփոխության քննարկումներին

Այսօր նա հանդիպել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ, այնուհետև կհանդիպի մյուս ուժերի ներկայացուցիչների հետ և՛ խորհրդարանում, և՛ խորհրդարանից դուրս։ Քննարկումներին համաձայնություն են տվել բոլորը, բացի ՀՀԿ-ից, հայտնեց նա։

«ՀՀԿ-ում հրաժարվել են` պարզաբանելով, որ նման հանձնաժողով կստեղծվի նաև խորհրդարանում։ Մյուսների հետ մենք կհանդիպենք», — ասաց Իոաննիսյանը։

Օրինագծում ոչ մի տող չի գրվելու առանց այդ քննարկումների։ Իսկ ՀՀԿ-ն կարող է միանալ քննարկումներին ցանկացած փուլում` դա նրանց իրավունքն է, ավելացրեց նա։

Այդ քննարկումներից հետո օրինագծերն արդեն կքննարկվեն խորհրդարանում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողով է ստեղծվել։ Հանձնաժողովի նախագահը (չշփոթել քարտուղարի հետ) առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն է, հանձնաժողովի կազմում ընդգրկված են արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը, հրավիրված է ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանը, ՀԿ-ների ներկայացուցիչներ (Transparency International և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա), ինչպես նաև ընտրական իրավունքի գծով մի քանի փորձագետներ։