ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. «Ծառուկյան» դաշինքի նոր պատգամավոր է դարձել Հրանտ Դավթյանը։ Այդ մասին խորհրդարանում լրագրողներին ասաց դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Մեկ շաբաթ առաջ հրաժարական էր ներկայացրել Մերուժան Սիմոնյանը, որը 2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 12 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: Նրա հեռանալուց հետո մանդատը պետք է անցներ «Ծառուկյան» դաշինքի այն թեկնածուին, որը Սիմոնյանից հետո այդ ընտրատարածքում ամենից շատ է ձայներ հավաքել։ Բայց մնացած «ծառուկյանականները» ինքնաբացարկ են ներկայացրել։ Ուստի մանդատը ստացել է համամասնական ցուցակով հաջորդը` Հրանտ Դավթյանը Էջմիածնից (ավելի վաղ արդեն դարձել է պատգամավոր)։
Զոհրաբյանը նշեց, որ նա արդեն ստացել է մանդատը։
Հարցին, թե ինչու են Զանգեզուրի հպարտ լեռնեցիները հնազանդորեն հրաժարվել մանդատից, Զոհրաբյանը հայտարարեց, որ ստիպելու մասին խոսակցություններն անհիմն հորինվածքներ են։
«Ես կարծում եմ` բացարձակ տարօրինակ չէ, եթե մարդը, ով ստացել է, օրինակ, ամբողջ ընտրատարածքում ընդամենը 120 վստահության քվե, հավակներ լինել պատգամավոր: Ես կարծում եմ` նրանցից շատերը խոհեմ որոշում են կայացրել՝ հրաժարվելով պատգամավորական մանդատից», — հայտարարեց Զոհրաբյանը։
Ըստ լուրերի` Սիմոնյանը մանդատը թողել է այն բանից հետո, երբ չի ստացել Սյունիքի մարզպետի պաշտոնը։ Իշխանափոխությունից հետո մարզպետի աթոռը բաժին էր ընկել «Ծառուկյան» դաշինքին։ Բայց պաշտոնը ստացել էր Կարեն Համբարձումյանը` Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջյանյանի փեսան։