«Ագրեսիայի շարունակություն է». Դամասկոսը դեմ է Մանբիջում թուրքերի գործողություններին

Սիրիայի ղեկավարությունը միջազգային հանրությունից պահանջում է դատապարտել Թուրքիային և ԱՄՆ–ին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. Երկրի հյուսիսում` Մանբիջ քաղաքի մերձակայքում, ԱՄՆ և Թուրքիայի զինված ուժերի ներկայությանը Սիրիան կտրականապես դեմ է հանդես գալիս։ Այս մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, ասվում է երկրի ԱԳՆ–ի տարածած հայտարարության մեջ։

«Սիրիան վճռական բողոք է արտահայտում և կտրականապես համաձայն չէ թուրքական և ամերիկյան ուժերի ներկայությանը Մանբիջ քաղաքի մերձակայքում, ինչը թուրքական և ամերիկյան ագրեսիայի շարունակությունն է ընդդեմ Սիրիայի ինքնիշխանության, Սիրիայի արաբական հանրապետության տարածքում միասնության և խաղաղության», – նշվում է հայտարարության մեջ։

Սիրիական կրքեր Փարիզում, Թել Ավիվում և Երևանում. Սիրիայի հարցում առաջընթաց կա

ԱԳՆ–ն Մանբիջում ստեղծված իրավիճակը գնահատում է որպես ՄԱԿ–ի բանաձևի խախտում։ Պաշտոնական Դամասկոսը միջազգային հանրությունից պահանջում է դատապարտել ինչպես ԱՄՆ–ին, այնպես էլ Թուրքիային։

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հունիսի 18-ին հայտնել էր, որ թուրքական բանակը սկսել է իրականացնել իր պարտականությունները Մանբիջում` Անկարայի և Վաշինգտոնի հետ համաձայնեցրած ճանապարհային քարտեզի շրջանակներում։

Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն հունիսի 4-ին հաստատել են սիրիական Մանբիջում իրականացվելիք գործողությունների ճանապարհային քարտեզը։

«Նրանք հաստատել են այդ հարցով ճանապարհային քարտեզն ու ընդգծել դրա իրականացման համատեղ հակվածությունը, ինչն արտացոլում է մեր ընդհանուր համաձայնությունն ու տեղում իրավիճակին ուշադիր հետևելու անհրաժեշտությունը», – նշվում էր երկկողմ բանակցությունների արդյունքում հրապարակած համատեղ հայտարարության մեջ։

Մինչև Թուրքիայի ռազմական գործողությունների սկսելը Սիրիայի հյուսիսում գտնվող Մանբիջ քաղաքը վերահսկում էին քրդական զինված խմբավորումները։ Անկարան կարծում էր, որ այդ ջոկատները կապված են ահաբեկչական խմբավորումների հետ և ձգտում են ռազմական գործողություններ սկսել այդ շրջանում։