Մարտի 1–ի գործով կհարցաքննե՞ն Քոչարյանին. ՀՀ գլխավոր դատախազի պատասխանը

Մարտի 1–ի գործով ցուցմունք կտան բոլոր այն մարդիկ, որոնք քննությանն օգտակար կլինեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. Մարտի 1–ի գործի առաջընթացի հետ կապված մեծ հույսեր կան։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Ես մեծ ակնկալիքներ ունեմ։ Մենք կանոնավոր կերպով այդ գործով նոր տեղեկություններ կհրապարակենք, այնպիսի տեղեկություններ, որոնք քննությանը չեն խանգարի», – ասաց նա։

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը Մարտի 1-ի մասին հայտարարություն է տարածել

Հարցին` արդյո՞ք կարելի է հարցաքննության կանչել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Դավթյանը նշեց. «հարցաքննության կկանչեն բոլոր այն մարդկանց, ովքեր կարող են օգնել քննությանը»։

Հարցին, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանն այդ մարդկանց թվում է, Դավթյանը խուսափողաբար պատասխանեց.

«Ինչպես ասացի, մենք այդ գործի հետ կապված մեծ հույսեր ունենք։ Երբ կլինեն օրենքով նախատեսված հիմքեր որևէ մեկին հարցաքննելու, առանց բացառության, յուրաքանչյուրի նկատմամբ հարկադրանք կկիրառենք օրենքով նախատեսված հիմքերով, չկասկածեք», – հավելեց նա։

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերը տեղի ունեցան, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի համախոհները հրաժարվեցին ճանաչել նախագահական ընտրությունների արդյունքները։ Մի քանի հազար մարդ տասը օր գիշերեցին Ազատության հրապարակում։ Մարտի 1-ի առավոտյան նրանց ցրեց ոստիկանությունը։ Ցուցարարներին հետապնդեցին մինչև Մյասնիկյանի արձան, որտեղ էլ նրանց ուղղությամբ կրակ էր բացվել։ Տասը մարդ զոհվեց, այդ թվում` երկու զինծառայող։ Մեղավորները մինչև այսօր չեն ստացել իրենց պատիժը։