Գեներալ Մանվելին սպառնում է երկու ժամկետ` 2-6 և 5-8 տարի. գլխավոր դատախազություն

Յուրացրել է զենք, զինամթերք և պահածոներ, որոնք տրամադրվել են կամավորներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. Գեներալ, պատգամավոր Մանվել Գրիգորյանը յուրացրել է մեծ քանակությամբ զենք, զինամթերք և այլ գույք։ Այդ մասին ասաց Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խորհրդարանի արտահերթ նիստում։

ԱԺ–ը սկսեց Մանվել Գրիգորյանին ազատազրկելու թույլտվության քվեարկությունը

Կառավարության նախաձեռնությամբ` նիստում ներկայացվել է դատախազության միջնորդությունը գեներալ Գրիգորյանի դեմ քրեական հետապնդման մասին։

Դատախազությունը նրան մեղադրում է զինված ուժերի զենքը և այլ ունեցվածքը հափշտակելու համար։ Այդ հոդվածներով 2-6 և 5-8 տարվա ազատազրկում է սպառնում։

Գրիգորյանը խորհրդարանի խոսնակին բաց նամակ է ուղղել և հայտնել, որ հրաժարվում է մասնակցել ԱԺ-ի քննարկմանը։

Քննությունը պարզել է, որ Մանվել Գրիգորյանն անօրինական կերպով ձեռք է բերել մեծ քանակությամբ զենք և զինամթերք և պահել դրանք իրեն պատկանող տարածքներում։

Հունիսի 5-ից սկսած` նա սկսել է զենքը ցրել տարբեր տարածքներում` խուզարկությունից խուսափելու համար։

Չնայած դրան՝ հունիսի 16-ին օրենքով սահմանված կարգով իրականացված խուզարկություններով Մ. Գրիգորյանին պատկանող կամ նրա փաստացի տիրապետության տակ գտնվող առանձնատներում, ավտոմեքենաներում, շենքերում, շինություններում կատարվել են 6 խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել և վերցվել են մեծ քանակությամբ նռնակներ, հակատանկային ականանետներ, տրոիլային պայթաղյուսներ, ավելի քան 17.000 տարբեր տրամաչափի փամփուշտ, այլ ռազմամթերք ու հրազեն:

«Վասալ գեներալը». Հայաստանը տեսնում է` ինչպես է քայքայվում ֆեոդալիզմը

Խուզարկությամբ հայտնաբերվել է նաև 71.760.000 ՀՀ դրամ, 80.000 ԱՄՆ դոլար, 67.350 եվրո, 246.500 ուկրաինական արժույթ: Բացի այդ, Արմավիրի մարզի Արշալույս գյուղի և Էջմիածին քաղաքի համապատասխան հասցեներում գտնվող շինություններում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է 33 տրանսպորտային միջոց, այդ թվում՝ «Ռոյս Ռոլս», «Տոյոտա Լանդ Կրաուզեր», «Մերսեդես», «Համմեռ», «Ռենջ ռովեռ սուպերչարջ», ինչպես նաև խորհրդային արտադրության՝ նաև կոլեկցիոն ավտոմեքենաներ, այդ թվում՝ զինվորական նշանակության տրանսպորտային միջոցներ:

Արմավիրի մարզի Արշալույս գյուղի համապատասխան հասցեում կատարված խուզարկությամբ՝ կենդանիներ պահելու համար առանձնացված հատվածում հայտնաբերվել են, Տավուշի մարզի Չորաթան գյուղի, Վերին Ծաղկավան գյուղի, Շիրակի մարզի Ախուրյանի, Երևանի մի քանի և Էջմիածնի դպրոցների աշակերտների և ուսուցիչների կողմից հավաքագրված գումարներով ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցների համար որպես օգնություն ուղարկված մեծ քանակությամբ պարկերով և արկղերով սննդամթերք, բժշկական և հիգիենայի պարագաներ, դեղորայք, զինվորական նախշերով պայուսակներ, տուփերով ներքնաշոր:

Հայտնաբերվել են նաև երեխաների կողմից զինվորներին ուղղված 8 նամակ, զինվորական հանդերձանք և դրա տարբեր պարագաներ, արկղերով և պարկելով սննդամթերք: Նշված արկղերի և պարկերի վրա առկա են եղել «զինվորի համար, վաճառքի ենթակա չէ» գրառումներ:

ՀՀԿ–ն կողմ է, որ Մանվել Գրիգորյանը զրկվի անձեռնմխելիությունից

Քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ խուզարկության ընթացքում Մանվել Գրիգորյանը քննությանը խոչընդոտելու, սպասվող պատասխանատվությունից խուսափելու նպատակով կապ է հաստատել խուզարկության վայրում գտնվող որդու հետ, վերջինիս հրահանգել է «Ա.»-ին փոխանցել, որ ներկայանա խուզարկության վայր և «ամեն ինչ իր վրա վերցնի», ինչը կատարվել է:

Տեղեկություններն այն մասին, որ պարենամթերքը ստացվել է պետությունից, հաստատվել են ՊՆ-ից։ Նախարարության գրառման համաձայն, 2016-18թթ-ին նախարարությունը «Երկրապահ» միության հանձնել է 180 միլիոն դրամի սննդամթերք, հագուստ, տնտեսական այլ պարագաներ։ Այդ բեռների մի քանի խմբաքանակներ համընկնում են նրանց հետ, որոնք գտել են Մանվել Գրիգորյանի տանը։ Նրա առանձնատան աշխատակիցների վկայությամբ` պահածոներն օգտագործվել են Գրիգորյանի կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու համար, հավելել է դատախազը։

Նշված նյութերի հիման վրա քննությունը պատրաստում է նոր նյութեր, որոնք կներկայացնի դատախազություն` քրեական հետապնդման համար, նշեց Դավթյանը։