Սերժ Սարգսյանի հետ քննարկվել է Մանվել Գրիգորյանի հարցը. Գալուստ Սահակյան

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը եղել է Մանվել Գրիգորյանի խնջույքներին ու Սերժ Սարգսյանի հետ քննարկել նրա շուրջ ստեղծված իրավիճակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. Հայաստանում չկա Հանրապետական և այլ կուսակցություններ։ Այսօր ԱԺ-ում, Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու հարցի քվեարկության ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը։

ԱԺ–ն համաձայն է Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու առաջարկին

«Ես երբևիցե որևէ մեկի շրջապատում չեմ եղել։ Բայց Մանվելին էլ եմ ճանաչում, բոլոր պատգամավորներին էլ եմ ճանաչում»,- Մանվել Գրիգորյանի մտերիմ շրջապատի` նրա գործերին տեղյակ լինել-չլինելու հարցին ի պատասխան ասաց Սահակյանը։

Նա չհերքեց, սակայն, որ ներկա է եղել Մանվել Գրիգորյանի կազմակերպած խնջույքներին, բայց ոչինչ չի տեսել։

«Ես հետաքննիչ մարմին չեմ, ես էլ եմ այդ հաղորդման տպավորության տակ»,- ասաց Սահակյանը` նշելով, որ դրանով է պայմանավորված նաև ՀՀԿ-ի այսօրվա դիրքորոշումը։

Սահակյանը հայտնեց նաև, որ Սերժ Սարգսյանի հետ քննարկվել է Մանվել Գրիգորյանի շուրջ առաջացած իրավիճակը, բայց հրաժարվեց հայտնել կուսակցության ղեկավարի կարծիքը` հայտնելով միայն, որ «ճիշտ բաներ է ասել»։

Հիշեցնենք` ԱԱԾ-ն հունիսի 17-ին տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող, Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները:

Տեսանյութում երևում է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: Զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր դեղահաբեր…

Մանվել Գրիգորյանը ձերբակալված է։

ԱԺ-ն այսօր քննարկում է դատախազության միջնորդությունը Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու մասին։