Սերժ Սարգսյանին, եղբորը և Ռոբերտ Քոչարյանին զրկեցին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից

Գորիկ Հակոբյանին հետմահու Գյումրու պատվավոր քաղաքացի կոչումից զրկելու նախագիծը մերժվեց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik. Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Լևոն Սարգսյանին զրկեցին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից։

Գյումրու ավագանու այսօր կայացած նիստում ավագանու անդամները բացարձակ մեծամասնությամբ  կողմ քվեարկվեցին ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանին, նրա եղբորը` «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանին, և ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումից զրկելու օգտին։

Այս ամենը մեր բարոյական արժեհամակարգի հետ անհամատեղելի է. Բաբլոյանը` գեներալ Մանվելի մասին

Նշենք, որ նախագիծը ներկայացվել էր Գյումրու ավագանիում «ԳԱԼԱ» խմբակցության կողմից։ Խմբակցության անդամ Քրիստինե Մկրտչյանը, ներկայացնելով Սերժ Ազատի Սարգսյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից  զրկելու հիմքերը, նշեց, որ նրան կոչումը շնորհվել է 2006թ.–ին։

«2008–2018 թթ.–ներին` Սերժ Սարգսյանի ՀՀ նախագահի պաշտոնում գտնվելու տարիների ընթացքում, մարդու իրավունքների և ժողովրդավարական ազատությունների հետընթացի ժամանակաշրջան է եղել, երկրից հեռացել է շուրջ 400 հազար քաղաքացի։ Հայկական կողմը շուրջ 800 հեկտար տարածքային կորուստ է ունեցել, աճել է արտաքին պետական պարտքը։ Ուստի անհրաժեշտ եմ համարում պատվավոր քաղաքացու կոչմանն արժանացած մեծանուն մարդկանց ցանկից հեռացնել Սերժ Սարգսյանի անունը»,–ասաց Մկրտչյանը։

«ԳԱԼԱ» խմբակցության անդամները նաև փաստեցին, որ Գյումրի համայնքի պատվավոր քաղաքացու կոչմանը կարող են արժանանալ այն քաղաքացիները, ովքեր իրենց երկարամյա ամբասիր աշխատանքով, բացառիկ վաստակով նպաստել են համայնքի բարգավաճմանը։

Ի դեպ, «ԳԱԼԱ» խմբակցությունը նաև հետմահու կոչումից զրկելու առաջարկ էր ներկայացրել ԱԱԾ նախկին պետ, գեներալ–լեյտենանտ Գորիկ Հակոբյանին։ Սակայն 7 կողմ, 8 դեպ, 6 ձեռնպահ ձայներով այս առաջարկը մերժվեց։

Հավելենք, որ «Բալասանյան» դաշինքն այս քվեարկությանը մասնակցում էր ոչ միասնական որոշմամբ։ Քաղաքապետ Սամվել Բալասանյանը վարում էր նիստը, բայց քվեարկություններին չմասնակցեց։