Եթե գողություն եղել է, ապա արդարացում չկա Շարմազանովը` գեներալ Մանվելի գործի մասին

Գեներալ Գրիգորյանին ձերբակալել է ԱԱԾ–ն, սակայն ՀՀԿ–ական ընկերները նրան չեն արդարացնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik. Եթե բյուջեից իսկապես գողություն է կատարվել, ապա արդարացում լինել չի կարող։ Այս մասին լրագրողներին ասաց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով գեներալ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալումը։

«Ցանկացած իրավախախտում մեզ համար անընդունելի է, իսկ օրենքի առաջ երկակի ստանդարտներ լինել չեն կարող։ Բոլոր նրանք, ովքեր նույնիսկ մեկ լումա են գողացել բյուջեից, պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ։ Եթե պարզվի, որ դա ճիշտ է, արդարացում լինել չի կարող», – ասաց նա։

Մանվել Գրիգորյանը Արցախի հերոս է, սակայն Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան. ՀՅԴ

Ձերբակալված գեներալ Գրիգորյանի հետ հանդիպել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ Այն ժամանակ Գրիգորյանը հայտարարել է, որ այն զենքը, որը հայտնաբերել են իր մոտ իրեն չի պատկանում։

«Այն ժամանակ խոսքը հենց զենքի մասին էր, ոչ թե զինվորի հացի։ Սակայն սա խայտառակություն է, իսկ ով և երբ է դա արել, թող պարզի ԱԱԾ–ն։ Մենք պետք է հարգենք անմեղության կանխավարկածը, և սեփական կարծիք ունենալու բոլոր կողմերի իրավունքը», – ավելացրեց նա։

Հիշեցնենք, որ հունիսի 16–ին ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալեց ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին, ապօրինի զենք–զինամթերք և զինվորների համար նախատեսված պարենամթերք պահելու մեղադրանքով։ Նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել կարող են միայն ԱԺ հերթական (և ոչ արտահերթ) նիստի ժամանակ։ Արտահերթ նիստը մեկնարկում է հունիսի 19-ին, իսկ հերթականը կգումարվի ոչ շուտ, քան սեպտեմբերի 10-ը։