«Եթե այդ ամենը ճիշտ է, ուրեմն մեկ հոգի չի արել». գեներալ Մանվել Գրիգորյանի օգնական

Ձերբակալված պատգամավորի անձնական օգնականը չի ընդունում զինվորի հացը գողանալու մեղադրանքները, իսկ զենք պահելու լուրերը վաղաժամ է համարում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik. Մանվել Գրիգորյանի օգնական Մեսրոպ Մանուկյանի համար անակնկալ են ԱԱԾ բացահայտումները։ Այս մասին նա այսօր ասաց լրագրողներին։

«Եթե այս արարքը աներ իմ հալալ եղբայրը, ես կհամարեի, որ հալալ եղբայր չունեմ, բայց խնդրում եմ ՝պահենք անմեղության կանխավարկածը։ Ես չեմ ուզում հավատալ այս ամենին, քանի որ 5 տարի է` աշխատում եմ Մանվել Գրիգորյանի հետ և այդ կերպարը չեմ տեսել», — ասաց Մանուկյանը։

Նա ավելացրեց, որ դեռ չի հավատում եղելությանը։

«Ես նրա հետ առաջնագիծ էի մեկնում, որտեղ այդ օգնությունը փոխանցում էինք զինվորներին», — հայտնեց նա։

Ինչ վերաբերում է զենքին, նա չբացառեց, որ դա Գրիգորյանինը չէ։

Պահածոների առգրավումից հետո Մանվել Գրիգորյանի կենդանիները սոված են մնացել

«Նրա տունը մեծ է, մուտքն` ազատ։ Նա վստահում է մարդկանց, ովքեր աշխատում են նրա մոտ։ Գուցե զենքը որևէ մեկն է բերել` իրենից կասկածները ցրելու համար։ Տեսականորեն ամեն ինչ հնարավոր է», — ասաց նա։

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալեց ԱԺ պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին, ապօրինի զենք-զինամթերք և զինվորների համար նախատեսված պարենամթերք պահելու մեղադրանքով։ ՀՀ կառավարության հունիսի 18-ի նիստում որոշում կայացվեց հունիսի 19-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ, որում քննարկման կդրվի պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Կառավարության որոշման մեջ նշվում է, որ արտահերթ նիստում քննարկման կդրվի Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդագիրը:

Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով։ Պատգամավորի ձերբակալության մասին համապատասխան կարգով տեղեկացվել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։

Մանվել Գրիգորյանն ազատ չի արձակվի, նոր բացահայտումներ կլինեն. ԱԱԾ տնօրեն

ԱԱԾ-ն հունիսի 17-ին տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող, Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները:

Տեսանյութում երևում է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: Զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր դեղահաբեր…

Գրիգորյանն այս պահին ձերբակալված է։ Նրա որդին` Կարեն Գրիգորյանը, հրաժարվել է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից։