Անկախ վաստակից, Մանվել Գրիգորյանը պետք է պատասխան տա օրենքի առաջ. ՀՀԿ

Մանվել Գրիգորյանի արածը հարված է մեր ժողովրդի բարոյական արժեքներին, հայրենիքի պաշտպանության վեհ գաղափարին, ասվում է ՀՀԿ հաղորդագրության մեջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որում անդրադարձել է ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի` ԱԱԾ-ի կողմից տարածված տեղեկատվությանը` նշելով, որ խորը ցավով և զայրույթով ծանոթացել ԱԱԾ կողմից ներկայացված տեսանյութին:

«Դժվար է հավատալ, որ դա իրողություն է: Ապշած և վրդովված ենք, որ մեր իրականության մեջ նման բան առհասարակ հնարավոր է` որևէ մեկի կողմից, առավել ևս՝ Արցախի ազատամարտին ակտիվորեն մասնակցած գեներալի: Սա անընդունելի ու զազրելի է:

Ի՞նչ պիտի անեն արցախցիները Մանվել Գրիգորյանի հետ. քաղտեխնոլոգի առաջարկը

Հարգելով անմեղության կանխավարկածը` հայտարարում ենք, որ եթե օրենքով սահմանված կարգով հաստատվի այն մեղադրանքը, որը առաջադրվել է Մ. Գրիգորյանին, անկախ նրա վաստակից, նա պետք է պատասխան տա օրենքի առաջ՝ դրա ողջ խստությամբ:

Օրենք խախտող յուրաքանչյուր ոք, անկախ նրանից ինչ վաստակ ունի, ինչ պաշտոն է զբաղեցնում կամ զբաղեցրել, կուսակցական է թե ոչ, ԱԺ պատգամավոր է թե ոչ, պետք է պատասխանատվություն կրի օրենքի առջև»,–ասում են Հանրապետականները:

ՀՀԿ–ն իր հաղորդագրության մեջ ընդգծում է, որ սա անվերապահ դիրքորոշում է, հատկապես այն ինչ ներկայացվել է, բացի իրավական ասպեկտից, ունի ընդգծված բարոյական կողմ: «Սա հարված է մեր ժողովրդի բարոյական արժեքներին, հայրենիքի պաշտպանության վեհ գաղափարին»,-ասված է հաղորդագրության մեջ»: