Ինչպես հայրական տունը բիզնես կենտրոնի վերածել, կամ ամերիկացու հայ մայրը

Վայոց ձորի Չիվա գյուղում, կարծես ավելի շատ փոքր հյուրանոցներ կան, քան տներ։ Sputnik Արմենիայի թղթակիցն այցելել է դրանցից ամենաառաջին՝ 2002 թվականին բացվածը։
Sputnik

Այն, որ հորական տանը ոչ թե իր որդիներն են ապրելու՝ իրենց ընտանիքներով, այլ բացարձակ օտար մարդիկ, այն էլ արտասահմանցիներ, 63-ամյա Քաջիկ Սաղաթելյանը նույնիսկ պատկերացնել չէր կարող։ Ասում է՝ իր համար հանգիստ ապրում էր Չիվա հարազատ գյուղում, աշխատանքի գնում, տուն վերադառնում… Եվ հանկարծ, մի գեղեցիկ օր կինը նրան շփոթեցրեց, թե իբր՝ Քաջիկ, արի բիզնես հիմնենք։

«Ես նրան ասում եմ՝ Քնարիկ, այդ ինչ ես խոսում։ Նա ասում է՝ ես ամեն ինչ կանեմ, ամեն ինչ գիտեմ, դու միայն համաձայնվիր։ Ես էլ համաձայնվեցի, ինչ էր մնում անել»,- ժպտում է Քաջիկը։

Մուսա լեռան վերջին «մոհիկանները». ամերիկյան հայացք` Թուրքիայի հայկական գյուղի ուղղությամբ

Հավանաբար, բնածին քաջությունն էլ հենց թույլ տվեց ռիսկի դիմել` վարկ վերցնել և սեփական տունը վերածել «bed & breakfast» կոչվող հյուրատան, ինչը թարգմանաբար նշանակում է «անկողին և նախաճաշ». այսինքն՝ այն փոքր հյուրանոց է, որտեղ հիմնական ծառայություններ են մատուցում` գիշերակաց և նախաճաշ տրամարդում։

Չիվայում 800 մարդ է ապրում, այն գտնվում է Վայոց ձորի լեռներում, Արենի գյուղից քիչ հեռու։ Եթե որոնողական համակարգում գրենք Չիվա, առաջին հղումները անմիջապես հայտնում են գյուղի 6 փոքր հյուրանոցի մասին. այլ տեսարժան վայրեր գյուղը չունի։ Ամուսինների մտահղացումն այնքան հաջողված էր, որ համագյուղացիները ևս որոշեցին հետ չմնալ` սեփական հյուրատները բացելով։

Սակայն հեռավոր 2002 թվականին Սաղաթելյան-Ղազարյան ամուսնական զույգը գյուղում առաջին B&B-ն էր բացել` այն Քաջիկի հոր և որդու անունով կոչելով` «Արարատ B&B»։ Մեր այցելության պահին հյուրանոցի հյուրերը քայլարշավի էին գնացել դեպի Տաթև գյուղ, մենք էլ որոշեցինք առաջին այցելուներից խոսել։

Каджик Сагателян и Кнарик Казарян

«Վայ, էս ինչ հիշեցրիր,-աշխուժորեն ասում է Քնարիկ Ղազարյանը, ամենաառաջին զբոսաշրջիկն ամերիկացի էր։ Ինձ իր հայ մայրիկն էր անվանում։ Հետո երբ մեկնեց, ինձ նամակներ էր գրում, հայերենով։ Ձեռագիրը առաջին դասարանցու ձեռագիր էր հիշեցնում՝ միլիոնավոր սխալներով, բայց ինչ հաճելի էր։ Անձամբ ես եմ նրան հայերեն սովորեցրել։ Այդ նամակները սենյակումս եմ պահում, դուք դեռ ամուսնուս հարցուփորձ արեք, հիմա բերեմ դրանք»,-անմիջապես իրավիճակը վերահսկեց Քնարիկն ու բակից տուն գնաց։

Ամուսինը հպարտությամբ նայեց նրա հետևից, այնուհետև ժպտաց ինձ, իբր, տեսնում ես՝ ինչ կին ունեմ։

- Իսկ ինչպե՞ս եք ծանոթացել,-ինձ ամենասկզբից հետաքրքրող հարցն եմ տալիս Քաջիկին։

— Աշակերտուհիս էր։ Նրան ճաշ եփել էի սովորեցնում։

- Երկուսդ էլ խոհարա՞ր եք։

— Այո, ամբողջ կյանքում խոհարար ենք աշխատել, մինչև «Արարատը»։

- Իսկ ո՞վ է ավելի լավ պատրաստում, դո՞ւք, թե՞ նա, — ժպտում եմ` անկեղծ պատասխան ակնկալելով քանի դեռ կինը կողքին չէ։

— Նա, իհարկե, — ծիծաղում է Քաջիկը, — չէ՞ որ լավ ուսուցիչ եմ եղել։

Письмо

Քնարիկն արագ վերադառնում է՝ իր հետ բերելով ոչ միայն նամակները, այլ լուսանկարների ալբոմ և հյուրերի տպավորությունների գրառումներով գրքույկը։ Ամերիկացու նամակները Հայաստանի նկատմամբ կարոտով լի են։ Քնարիկը պատմում է, որ հաջորդ տարի ամերիկացին նրանց մոտ եկել էր արդեն ընտրյալի հետ։

«Սպասում ենք, երբ երեխաներ կունենան և նրանց հետ կգան, — ժպտում է Քնարիկը, — չէ՞ որ նրանք մեզ նման չեն, հազար տարի միասին են ապրում, հետո նոր երեխաներ ունենում»։

Հյուրերի հետ ամուսինները երեք լեզվով են հաղորդակցվում` ռուսերեն, ֆրանսերեն և ժեստերի ու միմիկայի լեզվով։ Ֆրանսերեն գրեթե պատահաբար են սովորել`համագյուղացին ֆրանսիացու էր կնության գնացել և ամռանը՝ արձակուրդներին գյուղ գալով, որոշել էր բոլոր ցանկացոնղերին սովորեցնել։

Քաջիկի և Քնարիկի որդիները Ռուսաստանում են ապրում։ Հարցնում եմ՝ արդյո՞ք մտածում են, որ երեխաներն իրենցից հետո զբաղվելու են հյուրանոցով։

«Հազիվ թե, չնայած, որ շատ կցանկանայինք», — տխուր ժպտում է Քնարիկը։

«Որդիներիս վրա հույս չենք դնում, —ծիծաղում է Քաջիկը, կնոջ (ընտանեկան բիզնեսի հիմնադրի) միտքը շարունակելով, եթե «Արարատով» զբաղվեն, ապա՝ հարսներս»։

Նյութը նախապատրաստվել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ` «Ճանաչիր երկիրդ» արշավի շրջանակներում։