ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik. Ադրբեջանն իր արհամարհանքն է ցուցադրում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նկատմամբ` ապատեղեկատվություն տարածելով և սադրանքի գնալով միջնորդների տարածաշրջանային այցի նախաշեմին։ Այս մասին ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն ասաց երկուշաբթի հրավիրված ճեպազրույցի ժամանակ։
Բալայանը նշեց, որ այսօր ՀՀ արտաքին գերատեսչության առաջ խնդիր է դրված հայտնել արցախյան հակամարտության գոտում Բաքվի գործողությունների մասին և շփման գծում կանխել լարվածության աճը։
«Վերջին անգամ այս մասին ՊՆ գործընկերների հետ զրուցել ենք կես ժամ առաջ», — հայտնեց Բալայանը։
Նրա խոսքով` ադրբեջանական քարոզչամեքենան ապատեղեկատվություն է տարածում` հայտարարելով, որ հակամարտության գոտում լուրջ ռազմական գործողություններ են ծավալվում, կան զոհեր։
Այս ամենն իրականությանը չի համապատասխանում. Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է շփման գծում տիրող իրական իրավիճակի մասին։
Բալայանը նշեց` ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցի ֆոնին Ադրբեջանի սադրանքը, երբ հայ զինվոր զոհվեց, կրկին վկայում է, որ Ադրբեջանն անտեսում է իր պարտավորությունները։
«Նախևառաջ դա վերաբերում է համանախագահ երկրներին և համանախագահության ինստիտուտին», — ասաց Բալայանը։
Պայմանագրային զինծառայող Վահագն Էլոյանը, որը զոհվել էր հունիսի 10-ին ադրբեջանական կողմից արձակած կրակոցից, հետմահու «Մարտական ծառայության» մեդալով էր պարգևատրվել։ Դեպքը տեղի է ունեցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայաստանյան այցի նախաշեմին։