Մադրիդյան սկզբունքների գլխավոր բացասական կողմը. որքա՞ն կպահպանվի ստատուս-քվոն Արցախում

Արցախյան հակամարտության վերաբերյալ բանակցությունների սեղանին դրված փաստաթուղթը բավական հում է, կողմերը կարգավորման հեռանկարների ընդհանուր տեսլական չունեն։ Նման պայմաններում առաջին պլան է գալիս զինադադարի պահպանման հարցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի –Sputnik, Դավիթ Գալստյան. Արցախյան հակամարտության կարգավորման մադրիդյան սկզբունքների  հիմնական խնդիրը գործնականում դրանք կիրառելու մեխանիզմն է,  Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց  Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի (ՌՊՀՀ) արտասահմանյան տարածաշրջանային ուսումնասիրությունների և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովը։

Փաշինյանն ու Մադրիդյան սկզբունքները. Արցախի հարցով բանակցություններում նոր է՞ջ է բացվելու

«Մադրիդյան սկզբունքները հետաքրքիր փաստաթուղթ է։ Կա կազմված փաստաթուղթ, և կա պատկերացում փաստաթղթի մասին, կան որոշակի մեկնաբանություններ։ Փաստաթուղթը դեռ բավական հում է. որոշակի կարմի գծերի հավաքածու է, որոնց շրջանակներում էլ տարվում են բանակցությունները», – ասաց Մարկեդենովը։

Ինչպես նշեց քաղաքագետը, կարելի է խոսել շրջանների ազատագրման կամ Արցախի կարգավիճակի մասին, սակայն ինչպես դա անել` ո՞ւմ միջև է հանրաքվե անցկացվելու, ո՞վքեր են դրան մասնակցելու։ Փորձագետի կարծիքով` հանրաքվեին պետք է մասնակցեն նրանք, ովքեր ապրում են այնտեղ, կամ ապրել են նախկինում, սակայն ոչ մերձակա շրջանների բնակիչները, քանի որ նրանք նման հարց չեն դրել։

Մարկեդոնովը ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ Բաքուն նշում է փախստականների ընդհանուր թիվը։ Սակայն այն չի արտացոլում Արցախում տիրող իրավիճակը։

«Ենթադրենք, հանրաքվեն տեղի ունեցավ, սակայն կողմերից մեկը համաձայն չէ։ Ինչպե՞ս արձագանքել սրան։ Այս հարցը դեռ լայնորեն չի քննարկվել։ Մադրիդյան սկզբունքների գլխավոր խնդիրը իրագործման մեխանիզմն է», – համոզված է քաղաքագետը։

Նա կարծում է, որ ֆորմալ առումով բանակցային գործընթացը կանգ չի առել. Սարգսյանը հանդիպել է Ալիևին Ժնևում, չի բացառվում, որ նման հանդիպում կարող է տեղի ունենալ նաև Հայաստանի ներկայիս վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև։ Սակայն արդյո՞ք կարելի է այդ հանդիպումները էական բանակցություններ համարել։

Մարկեդենովը հիշեցնում է, որ Կազանում կողմերի կարծիքները տարբերվեցին հենց մեխանիզմների հարցում։ Դրանք սկզբունքորեն տարբերվում էին կարգավորման հեռանկարների տեսլականի վերաբերյալ։ Այս իրավիճակում, փորձագետի կարծիքով, առաջին պլան է գալիս «որպեսզի չկրակեն» հարցը։

Կարգավորում հնարավոր է, եթե կողմերը ծանր ու թեթև անեն բոլոր հանգամանքները և համաձայնության գան, կամ լուծում կարող են գտնել արտաքին ճնշման արդյունքում։

Արցախի ձայնը պետք է լսելի լինի․ արդո՞ք կփոխվի բանակցությունների ձևաչափը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները որոշակի կոնսենսուսի են եկել, սակայն նրանց միջև մեծ անվստահություն կա, այդ պատճառով էլ արտաքին ճնշումը ևս սահմանափակ է։

«Ոչ խաղաղություն, ոչ պատերազմ իրավիճակը երկար կտևի», – կարծում է  Մարկեդենովը։

Արցախյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները, որոնք հայտնի են «Մադրիդյան սկզբունքներ» անվանումով, Հայաստանին և Ադրբեջանին էին ներկայացրել Ֆրանսիայի և Ռուսաստանի արտգործնախարարները և ԱՄՆ պետքարտուղարի օգնականը Իսպանիայի մայրաքաղաքում 2007 թվականի նոյեմբերին։

Մադրիդյան սկզբունքների հիմնական կետերն են` հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող Արցախի շուրջ ընկած տարածքի վերադարձը Ադրբեջանի վերահսկողության տակ, Արցախին միջանկյալ կարգավիճակ տալը, շրջանի  ինքնավարության և անվտանգության երաշխիքների ապահովումը, Հայաստանի  և Արցախի միջև միջանցքի բացումը, հետագայում ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշում` բնակչության իրավաբանորեն  պարտադիր կամարտահայտման հիման վրա, իրենց նախկին բնակության վայր փախստականների վերադարձի իրավունքների ապահովում, անվտանգության միջազգային երաշխիքները, այդ թվում խաղաղության պահպանման գործողությունները։