Չլսված բարբարոսություն Սանահինում. մեղավոր կա, բայց խնդիրը լուծված չէ

Սանահինի 10-13-րդ դարերի վանական համալիրին դեռ սպառնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակից դուրս մնալու վտանգը՝ չնայած նրան, որ դատարանը պատժել է մեղավորին։ Sputnik Արմենիայի թղթակիցը փորձել է պարզել, թե ինչպես կավարտվի աղմկահարույց պատմությունը։
Sputnik

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Մոտ մեկ տարի առաջ Sputnik Արմենիանգրել էր, որ Լոռու մարզի Սանահին միջնադարյան համալիրում վանդալիզմի չլսված դեպք է գրանցվել։

Բանն այն է, որ Սանահինի բնակիչ Գագիկ Վերանյանը որոշել էր իր մահացած հորը՝ Վանիչկա Վերանյանին (այդպես է գրված տապանաքարի վրա), հողին հանձնել հենց 10-13-րդ դարերի վանական համալիրի բակում՝ Զաքարյանների ու Արգուտինսկի — Դոլգորուկովների դամբարանի հարևանությամբ՝ տեղաշարժելով երկու հին տապանաքարերը։

Նշենք, որ Սանահինը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում, և այս վանդալիզմի պատճառով կարող է զրկվել այդ կարգավիճակից։ Դրանից խուսափելու համար պետք է ապամոնտաժում իրականացնել և հանգուցյալի աճյունը տեղափոխել, իսկ հին տապանաքարերը վերադարձնել իրենց տեղը։

Акт вандализма в монастырском комплексе Санаин

Հայաստանի գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ։ Sputnik Արմենիան ուշադիր հետևել է, թե ինչպես են զարգացել իրադարձությունները։

Այս տարվա մայիսին գլխավոր դատախազությունը գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է Լոռու մարզի առաջին ատյանի դատարան, որտեղ ապրիլի 6-ին Գագիկ Վերանյանը մեղավոր է ճանաչվել Հայաստանի ՔՕ 264 հոդվածի 2-րդ մասով։

Թվում էր, թե խնդիրը կլուծվի, բայց… Մեղավորին տուգանել են 350 հազար դրամով, և այդ գումարը նա կարող է վճարել 10 ամսվա ընթացքում։ Ահա և վերջ։ Ոչ մի ապամոնտաժման մասին խոսք չկա։

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Sputnik Արմենիայի թղթակցին բացատրեցին, որ իրենց առջև դրված խնդիրը լուծվել է, իսկ ապամոնտաժման և հանգուցյալի աճյունը տեղափոխելու հարցերով պետք է զբաղվի այլ կառույց։

Акт вандализма в монастырском комплексе Санаин

Այսպիսով, մարդու նկատմամբ կայացրել են մեղադրական դատավճիռ, տուգանել, բայց խնդիրը մնացել է չլուծված։ Գերեզմանը, որ փակում է Զաքարյանների միջնադարյան դամբարան տանող ճանապարհը, մնացել է իր տեղում, հետևաբար վանական համալիրի գլխին դեռ ճոճվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակից ջնջվելու սուրը։

Կոպիտ ասած՝ ստացվում է, որ եթե ինչ-որ մեկը որոշի իր մահացած ազգականին թաղել Հայաստանի հնագույն եկեղեցիներից մեկի տարածքում, պարզապես պետք է իմանա, թե որքան պիտի վճարի դրա համար։

Մենք կապ հաստատեցինք Հայաստանի գլխավոր դատախազության հետ, որտեղից մեզ հայտնեցին, որ այս հարցի լուծման համար պետք է Ալավերդի քաղաքի դատարան հայց ներկայացնի հենց Սանահինի եկեղեցին։

Զրուցեցինք նաև Սանահինի վանահայր Տեր Միքայելի հետ։

Ի՞նչ որոշում է կայացրել դատավորը Թբիլիսիի հայկական Թանդոյանց եկեղեցու վերաբերյալ

«Իհարկե, հարցը պետք է լուծել։ Այստեղ շատ խնդիրներ կան։ Այս տարածքը վիճելի է կադաստրի ծառայության տվյալների համաձայն։ Ուստի ոչ ոք չի կարող ասել, թե որտեղ է ավարտվում եկեղեցու տարածքը և սկսվում գերեզմանատունը։ Ահա և ստացվում է, որ գերեզմանոցը ներխուժել է համալիրի տարածք։ Եվ այդ հարցը նույնպես պետք է լուծել։ Ինչ էլ լինի, վանդալիզմի դեպքը չի կարելի այդպես թողնել, և մենք պատրաստ ենք ամեն ինչ անել իրավիճակը շտկելու համար», — ասաց Տեր Միքայելը։

Միաժամանակ նա նշեց, որ եկեղեցին իրավաբանական լիազորություններ չունի և որոշակի քայլեր ձեռնարկելու համար պետք է համապատասխան ցուցումներ ստանա Գեղարքունիքի թեմից։

«Իհարկե, այս դեպքում պետք է ապամոնտաժում կատարել», — ասաց նա և հավելեց, որ թեմն արդեն զբաղվում է այդ հարցով, և առաջիկա 10 օրվա ընթացքում համապատասխան հայց կներկայացվի դատարան։

Մենք հետաքրքրվեցինք նաև, թե ինչ քայլեր է ձեռնարկում Հայաստանի մշակույթի նախարարությունը։ Նախարարությանն առընթեր հուշարձանների պահպանության վարչության պետ Արմեն Աբրոյանը վստահեցրեց, որ համապատասխան քայլեր կձեռնարկվեն Մայր աթոռի հետ։

«Ամեն դեպքում հարցը պետք է լուծվի պատշաճ կերպով։ Պետք է նախադեպ ստեղծել նման դեպքերը կանխելու համար», — ասաց նա։

Sputnik Արմենիան հետևելու է իրադարձությունների զարգացմանը և իր ընթերցողներին տեղեկացնելու է գործի մանրամասների մասին։