ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի — Sputnik. ԱԱԾ գործողությունները պետք է դիտարկել օրինականության հաստատման, կրիմինալի և ամենաթողության ջախջախման տեսանկյունից։ Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը։
«Գեներալ Մանվելը, Դոն Պիպոն ու մյուսները պետք է հասկանան, որ նախկին Հայաստանի դուռը փակվելու է, ու եթե կա հեղինակություն, ապա միայն ու միայն ՀՀ օրինապաշտ քաղաքացին է, մնացած բոլոր հեղինակությունների դարաշրջանի դռները պետք է անվերադարձ փակենք»,- գրել է նա։
Սանասարյանը գրառման վերջում է ավելացրել է, որ սիրում է բոլորին, հատկապես ՀՀ օրինապաշտ քաղաքացիներին։
Ազգային անվտանգության ծառայությունն այսօր` հունիսի 16-ին, ձերբակալել է Մանվել Գրիգորյանին և «Դոն Պիպո» մականունով Արթուր Ասատրյանին։
Վաղ առավոտից ԱԱԾ-ն հատուկ գործողություններ էր իրականացնում Էջմիածնում, այդ թվում՝ ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ամառանոցում և Դոն Պիպոյի առանձնատանը:
Նշենք, որ վերջին օրերին բողոքի ցույցեր են անցկացվում Էջմիածնում։ Ցուցարարները պահանջում են Էջմիածնի քաղաքապետի հրաժարականը։ ԶԼՄ-ների տվյալով` բողոքի ցույցը կազմակերպել է քրեական հեղինակություն համարվող Ասատուր Ասատրյանը (Դոն Պիպոն)։
Ասատրյանը լրագրողներին ասել է, որ ուզում է արդարությունը վերականգնել քաղաքում։ Նա վստահեցրել է, որ քաղաքապետ դառնալու հավակնություն չունի։ Քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, որի հրաժարականն են պահանջում ցուցարարները, ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդին է։