ՌԱԴԻՈ

Թորոսյան. «Գումարները մինչև հիմա շատ անարդար են բաշխվել»

Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խոսեց ապահովագրության պարտադիր համակարգին անցում կատարելու ժամկետի մասին։
Sputnik
Արսեն Թորոսյան

Հայաստանի առողջապահության նախարարությունը դեռ չի որոշել, թե պարտադիր բժշկական ապահովագրության որ մոդելն է ամենից շատ համապատասխանում Հայաստանին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Մենք հրավիրել ենք մասնագետների, որպեսզի հասկանանք, թե բուժապահովագրման որ մոդելն է ամենից շատ համապատասխանում մեզ», — ասաց Թորոսյանը։

Նրա խոսքով՝ մի դեպքում մեզ մոտ կլինի ամերիկյան առողջապահություն, մյուս դեպքում՝ եվրոպական։ Երկու դեպքում էլ կան ռիսկեր ինչպես պետության, այնպես էլ հասարակության համար։ Նա հակված է երկրորդ մոդելին։

«Ուր են գնում բժշկական կենտրոնի միլիարդները»․ նախարար Արսեն Թորոսյանը կարգադրել է պարզել

Ամերիկյան մոդելի դեպքում քաղաքացին ինքը պետք է հոգ տանի իր առողջության մասին։ Եթե քաղաքացին լավ աշխատանք և կայուն եկամուտ ունի, նա ի վիճակի է գնել (գործատուից ստանալ) բժշկական ապահովագրություն և անցնել անհրաժեշտ բուժումը։

Եվրոպականը ենթադրում է պարտադիր բժշկական ապահովագրության ներմուծում։ Միաժամանակ բժշկական ծառայությունների ֆինանսավորումը պետության սոցիալական երաշխիքների մակարդակում է, իսկ ապահովագրական վճարի չափը կապված չէ բժշկական օգնության և ապահովագրվածի առողջական վիճակի հետ։

Նախարարը նշեց, որ շուտով այդ հարցը կդրվի հանրային քննարկման։

Նախարարը հույս ունի, որ բժշկական ապահովագրության պարտադիր համակարգը Հայաստանում կներդրվի մինչև 2021թ-ը։