Արմեն Աշոտյանը հրատապ բանաձևի նախագիծ կներկայացնի Բրյուսելում

Նախագիծը կոչ է անում ԵՄ անդամ-պետությունների ազգային խորհրդարաններին վավերացնել համաձայնագիրը՝ առանց անհարկի հետաձգումների։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի — Sputnik. Հունիսի 26-ին Բրյուսելում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի ընթացքում Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ Եվրանեսթում հայկական պատվիրակության անունից Վեհաժողովին կներկայացվի ԵՄ անդամ պետությունների ազգային խորհրդարաններում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման խրախուսման հետ կապված հրատապ բանաձևի նախագիծ: Աշոտյանն այս մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Եվրամիության հետ պայմանագրի 80 տոկոսն է ուժի մեջ մտել

Ներկայացված այս նախագիծը, վկայակոչելով 2018 թվականին ՀՀ ԱԺ կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը՝ որպես ևս մեկ վերահաստատում Հայաստանի Հանրապետության հանձնառության՝ ԵՄ-ի հետ առավել ռազմավարական և հավակնոտ հարաբերությունների, կոչ է անում ԵՄ անդամ-պետությունների ազգային խորհրդարաններին վավերացնել համաձայնագիրը՝ առանց անհարկի հետաձգումների:

Նախագիծն ընդգծում է նաև ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը՝ մինչև Եվրոպական խորհրդարանի 2019 թվականի ընտրությունները:

Աշոտյանը նշել է, որ Խորհրդարանական դիվանագիտությունը և ինքն անձամբ ջանք չեն խնայելու այս հրատապ նախագծի ընդունման համար՝ որպես Հայաստանի պետական շահերի առաջխաղացման և ՀՀ-ԵՄ հարաբերությունների խթանման գործում ևս մեկ կարևոր քայլի: