Մեղրիի տարածքով Ադրբեջան դուրս գալը Թուրքիայի ռազմավարական նպատակն է

Նախիջևանի և Մեղրիի տարածքով Ադրբեջանի հիմնական տարածք դուրս գալը մնում է Անկարայի ռազմավարական նպատակը, Հայաստանը պետք է աչալուրջ լինի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի — Sputnik. Թուրքիան հույս ունի Նախիջևանի և Մեղրիի միջոցով ցամաքային կապ ստեղծել Ադրբեջանի հետ, Sputnik Արմենիային ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ մեկնաբանելով Նախիջևանում ստեղծված լարված իրավիճակը։

Սարգսյանը նշեց, որ հայկական կողմը պետք է պատրաստ լինի տարաբնույթ ագրեսիվ գործողությունների։

Նախիջևանի սահմանին տեղի ունեցածի մասին պետք է իմանան ՀԱՊԿ–ում. Աշոտյան

«Մենք գիտենք, որ գործ ունենք Ադրբեջանի ոչ ադեկվատ ղեկավարության հետ, որն իր ոչ ադեկվատ լինելն ապացուցել է ապրիլին սանձազերծած պատերազմի ժամանակ», — ասաց Սարգսյանը։

Ինչ վերաբերում է Նախիջևանին, ապա, Սարգսյանի խոսքով, իրավիճակն այստեղ մի փոքր այլ է, քան Արցախում՝ շփման գծում։ Այստեղ արդեն Հայաստանի սահմանն է, և Ադրբեջանի ցանկացած գործողություն կարելի է դիտարկել ՀԱՊԿ համատեքստում։

Կազմակերպությունը ստիպված կլինի ինչ-որ գործողություններ ձեռնարկել, և եթե Հայաստանը դիմի ՀԱՊԿ-ին, ապա պետք է հաջորդեն կոնկրետ քայլեր, որոնք ամրագրված են պայմանագրում։

«Հուսով եմ, որ Ադրբեջանը չի գնա նման արկածախնդրության։ Բայց պետք է միշտ պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացման», — ասաց Սարգսյանը։

Բացի այդ, գաղտնիք չէ, որ Նախիջևանը կարևոր գործոն է Թուրքիայի համար։ Անկարան կենսականորեն կարևոր է համարում Ադրբեջանի հետ ցամաքային կապ ստեղծելը, իսկ դա հնարավոր է միայն Նախիջևանն Ադրբեջանի հիմնական տարածքի հետ միացնելու ճանապարհով։

«Դա ռազմավարական նպատակ է, որին հասնելու համար նրանք պետք է ռազմական գործողություններ կազմակերպեն Արցախում և ինչ-որ կերպ տեղափոխեն դրանք Մեղրիի շրջան։ Դա լուրջ խնդիր է», — ասաց Սարգսյանը։

«Դուք հիմա ադրբեջանցիների անմիջական թիրախում եք». ռեպորտաժ Նախիջևանի սահմանից

Նա հիշեցրեց Գոբլի ծրագրի գոյության մասին, որը ենթադրում է Մեղրիի փոխանակումը Արցախով։ 90-ականներին այդ նախագիծը դիտարկվել է բավական բարձր մակարդակում։ Մասնավորապես, այն քննարկել են Թուրքիայի նախագահ Օզալը և ԱՄՆ-ի նախագահ Բուշը։

Սարգսյանի խոսքով՝ Հայաստանը պետք է ավելի ուշադիր լինի, չտրվի սադրանքների։

Հիշեցնենք, որ վերջին օրերին Ադրբեջանի ու Արցախի զորքերի շփման գծի տարբեր հատվածներում, ինչպես նաև Նախիջևանի ուղղությամբ նկատվում է տեղաշարժ, Ադրբեջանը սահմանին է մոտեցնում տեխնիկա և զինված ուժեր։